Երեք խմբին պատկանող դիմորդների փաստաթղթերը բուհերում կընդունվեն մինչև հուլիսի 10-ը ներառյալ
Այս տարի օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիներն և նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը բուհերում կընդունվեն մինչև հուլիսի 10-ը ներառյալ, իսկ միասնական քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ում դիմում-հայտ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, այս դիմորդները մասնակցելու են դիմում-հայտագրման երկրորդ փուլին, իսկ միասնական քննությունները, հանձնելու են հուլիսին` լրացուցիչ փուլում:
Հիշեցնենք, որ մյուս բոլոր դիմորդների փաստաթղթերի ընդունումը բուհերում սկսվել է մայիսի 5-ից և կավարտվի մինչև հունիսի 1-ը ներառյալ:
Բուհական ընդունելության դիմում-հայտերում, ըստ մասնագիտությունների, հայտագրվում են լեզուների` միայն կենտրոնացված բանավոր քննությունները, ստեղծագործական մրցույթը` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, և ներբուհական քննությունների առարկայացանկը` առանց միասնական քննությունների: Մնացած առարկաներից դիմորդները կհանձնեն միասնական քննություններ:
Գ. Մանուկյանի խոսքով, կենտրոնացված ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 15-26-ը: Մինչև հուլիսի 5-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով կստեղծվեն առարկայական հանձնաժողովները:
Նա հայտնեց, որ բանավոր քննության ժամանակ բողոքարկումը պետք է արվի տեղում, քննություն հանձնողի պահանջով, իսկ կենտրոնացված գրավոր քննությունների բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում գնահատականը հրապարկվելու հաջորդ օրը` 09:00-18:00-ը: Գրավորի բողոքարկման արդյունքը կհրապարակվի եռօրյա ժամկետում: