Թբիլիսիի վերընտրված քաղաքապետը իր մրցակիցներին համագործակցության կոչ է արել. Ի՞նչ կանի ընդդիմությունը
Այսօր, վրացական ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը, բոլորին հետաքրքրում է մեկ հարց` ի՞նչ կանի քաղաքական ընդդիմությունը, կբոյկոտի՞ ընտրությունների արդյունքները, թե ոչ: Մինչ ընդդիմությունը կխոսի, իշխող կուսակցության վերընտրված քաղաքապետ Գիգի Ուգուլավան նախագահ Սահակաշվիլիի հետ միասին տոնում է իր հաղթանակը: Ավելին, նա հանդես է եկել ուղերձով` համագործակցության կոչ անելով իր մրցակիցներին, Թբիլիսիից տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
Ուգուլավան նշեց, որ իր մրցակիցների նախընտրական ծրագրերը քաղաքի զարգացման առումով չեն տարբերվում իր նախընտրական ծրագրից, հետևաբար համագործակցություն կստացվի:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակած է դուրս եկել իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է գործող քաղաքապետ, իշխող կուսակցության թեկնածու Գիգի Ուգուլավան` հավաքելով 53, 69% ձայն: Երկրորդ տեղում է ընդդիմադիր` «Ալյանս Վրաստանի համար» շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիան` 19, 53% հավաքած ձայնով: Քրիստոնեա-դեմոկրատներից առաջադրված թեկնածու Գիորգի Չատուրիան երրորդն է` 10,93%-ով: Ազգային խորհրդից Զվիադ Ձիձիգուրին հավաքել է 8, 57% ձայն, իսկ ահա «Արդյունաբերությունը փրկում է Վրաստանը» ուժը հավաքել է` 5, 45% ձայն:
Հայտնի են դարձել նաև համամասնական ընտրկարգով ընտրված ուժերը: Ըստ այդմ` առաջատարը 50, 82% ձայնով իշխող «Ազգային միասնական շարժումն» է, այնուհետև` Ալասանիայի ղեկավարած «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունն է` 17, 72% ձայնով, այնուհետև Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` 13, 17%-ով: «Ազգային խորհուրդ»-ը, որը միավորում է երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի, այդ թվում նաև Վրաստանի նախկին վարչապետ, Զուրաբ Նողաիդելիի ղեկավարած «Հանուն արդար Վրաստանի» շարժումը, ստացել է ինը տոկոս ձայն: Մնացած քաղաքական ուժերը ստացել են մեկ տոկոս ձան:
Հիշեցնենք, որ առաջադրվել էին 17 քաղաքական կուսակցություններ, որոնցից երեքը դաշինքներ են, իսկ քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էին 9 թեկնածուներ:
Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելու համար համամասնական ընտրակարգով քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն հինգ տոկոսանոց արգելքը, իսկ Թբիլիսիում` չորս տոկոսանոց արգելքը:
Ըստ որոշ փորձագետների, եթե քաղաքային խորհուրդ անցած ընդդիմադիր ուժերը միավորվեն և ստեղծեն մեկ ընդդիմադիր դաշինք, ապա հետաքրքիր զարգացումներ են սպասվում, հնարավոր է նաև կառուցողական երկխոսություն ծավալվի քաղաքային խորհրդում:
Սակայն ընդդիմադիր Իրակլի Ալասանիան իր հետագա գործողությունների վերբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի արել` ասելով, որ իր որոշումը կհայտնի ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո:
Նախորդող նորություն` Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթել է, ընդդիմության անելիքները դեռևս հայտնի չեն
Թբիլիսիի քաղաքապետի իշխանական թեկնածուն ստո՞ւմ է. Թբիլիսիում ընտրական տրամադրություններ են
Ընտրություններ վրացական ձևով. Տղամարդը հագուստը փոխել է և կրկնակի քվեարկել