«Մենք արդեն վստահություն են ներշնչում» … Հայկական ֆիլմերը` Կաննի կինոշուկայում
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը շուրջ 35 ֆիլմով մայիսի 12-22-ը ներկայացվել է Կաննի կինոշուկայում ու հասել որոշակի հաջողությունների` «սա ոչ թե մեկ քայլ էր առաջ, այլ մի քանի քայլ. մենք արդեն վստահություն են ներշնչում»: Ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նշենք, որ հայկական ֆիլմերն արդեն երկրորդ անգամ են ներկայացվել արտերկրում կինովաճառքով ու կինոարտադրությամբ զբաղվող անհատներին ու ընկերություններին:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերը ներկայացվել են նաև կինոթատրոններում: Գ. Գևորգյանն ասաց, որ ֆիլմերը տարբեր փառատոներին մասնակցելու հրավեր են ստացել, իսկ ասուլիսին ներկա Հ. Գալստյանն էլ ասաց, որ իր ֆիլմը թուրքական «Անիվների վրա» միջազգային կինոփառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:
Հայկական կինոտաղավարում մայիսի 16-ին կազմակերպվել էր «Հայկական օր», որին հրավիրվել են կինոշուկային մասնակցող տարբեր փառատոների ու կինոստուդիաների ներկայացուցիչներ, անհատ կինոգործիչներ և ընկերություններ:
«Մենք մասնակցելով Կաննի կինոշուկային, խնդիր ունեինք ոչ միայն ֆիլմ վաճառել, այլ ֆիլմեր փոխանակելու, տարբեր երկրների հետ համատեղ ֆիլմարտադրության հարցերում պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Մենք այս հարցերում հասանք որոշակի հաջողությունների»,- ասաց Գ. Գևորգյանը` հավելելով, որ ինքն ունեցել է մի շարք հանդիպումներ Կաննի կինոշուկային մասնակցող այլ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, քննարկել հայկական ֆիլմերի տարածման հեռանկարների, մասնավորապես արաբական երկրների` Եգիպտոսի, ԱՄԷ-ի հետ:
«Արաբական աշխարհի հետ համագործակցության առաջին քայլերն արվել են, սակայն երկար ճանապարհ կա անցնելու: Հնարավոր է, որ 2-5 տարի անց նոր մեր ֆիմերը ցուցադրվեն արաբական կինոթատրոններում, բայց կարևորն այն է, որ առաջին քայլն արված է»,- ասաց Վրեժ Քարսունին, ով նույնպես եղել է Կանն մեկնած հայկական պատվիրակության կազմում:
Գ. Գևորգյանն ասաց, որ ռուսական դիստիբյուտորական ընկերությունններին հետաքրքրել է հայկական ֆիլմերի փաթեթը: Ստանալով ֆիլմերի օրինակները, ընկերությունները պայմանավորվել են ուսումնասիրել և առանձնացնել իրենց հետաքրքրող կինոնկարները: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական, անգլիական, չեխական ընկերությունների հետ` ինչպես անմիացիոն ֆիլմերի դեստրիբուցիայի համար, այնպես էլ համատեղ ֆիլմարտադրության: Ուկրաինական «Ինտերֆիլմ» պրոդաքշն ընկերությունն առաջարկել է Ազգային կինոկենտրոնին մասնակցել Սերգեյ Փարաջանովի մասին նկարհանվող ֆիլմի աշխատանքներին, որի ռեժիսորն է Ռոման Բալայանը: «Մենք կքննարկենք ու մեր պատասխանը կասենք: Մենք հավանաբար կհամաձայնվենք»,- ասաց Գ. Գևորգյանը:
Կաննի կինոշուկային մասնակցելու համար Ազգային կինոկենտրոնից պահանջվել է 5400 եվրո հայկական տաղավարի համար, որն ամենափոքրն է եղել, և գործուղման ծախսերը:
Նշենք, որ Կաննի կինոշուկային Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ներկայացրել էր 8 անիմացիոն, 4 վավերագրական, 12 դեբյուտային և ուսանողական, 3 խաղարկային կարճամետրաժ և 8 խաղարկային լիամետրաժ ֆիլմեր: