Exit poll. Վրացական ընդդիմությունը պարտվել է, գործող քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն իսկ հրապարակվել են exit poll-ի արդյունքները, որոնք մխիթարական չեն վրացական ընդդիմության համար: Ըստ այդմ, ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Թբիլիսիից, քաղաքապետի պաշտոնում ֆավորիտ է գործող քաղաքապետ, իշխանական «Ազգային միասնական շարժում» կուսակցության թեկնածուն Գիգի Ուգուլավան` 60,4 %-ով: Հաջորդ հորիզոնականում, ըստ exit poll-ի տվյալների, ընդդիմադիր Իրակլի Ալասանյան է` 18,1% ձայներով, այնուհետև` Գիորգի Չանտուրիան` 7,3 %-ով: Հիշեցնենք` վերջինս հայտնի է իր ադրբեջանամետությամբ:
Սոցիոլոգիական հարցումն անցկացրել է GfK ընկերությունը` Վրաստանի հանրային հեռարձակողի պատվերով: Ըստ այդ հարցման` կուսակցական ցուցակով առաջատարը կրկին Գիգի Ուգուլավայի կուսակցությունն է` «Ազգային միասնական շարժումը»` 58,4 %-ով: Ըստ այս տվյալների` ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունը նույնպես ներկայացված կլինի քաղաքի խորհրդում` 17,2 %-ով:
Ընտրությունների ավարտին ոչ կառավարական մի քանի հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում տեղի ունեցած ասուլիսոմ հայտարարցին, թե ընտրություններն անցել են բազմաթիվ կոպիտ խախտումներով, մասնավորապես` կիրառվել է «կարուսել» կոչվող մեթոդը, քվեատուփեր են լցոնվել, ընտրացուցակներում եղել են մահացած մարդկանց անուններ: Դիտորդները նաև արձանագրել են ընտրություններում մարդկանց պասիվ մասնակցություն:
Սպասվում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքներ կհրապարակի արդեն առավոտյան: Դրանց մասին Panorama.am-ը կտեղեկացնի հաջորդիվ:
Հարակից նորություններ` Ընտրություններ վրացական ձևով. Տղամարդը հագուստը փոխել է և կրկնակի քվեարկել
Թբիլիսիի քաղաքապետի իշխանական թեկնածուն ստո՞ւմ է. Թբիլիսիում ընտրական տրամադրություններ են