Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 123-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնեցին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այս դպրոցի ուսուցիչներից մեկի` Լևոն Ավագյանի շուրջ վերջերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացել: Մայիսի 24-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանին դատապարտել երկու տարի ազատազրկման/ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով/:
Նա մեղադրվում էր դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարման մեջ: Դատարանը նրա մեղքն ապացուցված համարեց` նշելով, որ Ավագյանը երկու տարի շարունակ` 2006-2008թթ. 16 տարին չլրացած աղջիկ սաների նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել։
Նախարար Աշոտյանն օրեր առաջ ասուլիսում հայտարարել էր, որ հատուկ կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, հատկապես կադրային փոփոխություններ:
«Մոտ ապագայում դուք կտեսնեք, որ հանրակրթության հատուկ կրթության բաժնում կադրային մեծ փոփոխություններ կլինեն» ,- խոստացել էր նախարարը:
Նշենք, որ արդեն ազատված տնօրենին սաները մեղադրել էին այն բանում, որ իրենց նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել ու ծեծի ենթարկել սաներին: Դրանք տնօրենը հերյուրանք էր որակել, պնդելով թե իր ու Լևոն Ավագյանի մասին տարածած լուրերի նպատակը իրենց ու դպրոցը միտումնավոր վարակաբեկելն է: