Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթել է, ընդդիմության անելիքները դեռևս հայտնի չեն
Րոպեներ առաջ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց երկրի տարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ` իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթել է ընտրություններում, տեղեկացնում է Թբիլիսիում աշխատող Panorama.am-ի թղթակիցը: Հիշեցնենք` կիրակի օրը Վրաստանի տարածքում տեղի էին ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ մայրաքաղաք Թբիլիսիում` քաղաքապետի ուղղակի ընտրություններ էին, որոնք այստեղ անցկացվում էին առաջին անգամ: Ընդհանուր առմամբ, աշխատել է 3694 ընտրատեղամաս:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է գործող քաղաքապետ, իշխող կուսակցությա թեկնածու Գիգի Ուգուլավան` հավաքելով 53, 69% ձայն: Երկրորդ տեղում է ընդդիմադիր` «Ալյանս Վրաստանի համար» շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիան` 19, 53% հավաքած ձայնով: Քրիստոնեա-դեմոկրատներից առաջադրված թեկնածու Գիորգի Չատուրիան երրորդն է` 10,93%-ով:
Ազգային խորհրդից Զվիադ Ձիձիգուրին հավաքել է 8, 57% ձայն, իսկ ահա «Արդյունաբերությունը փրկում է Վրաստանը» ուժը հավաքել է` 5, 45% ձայն:
Հայտնի են դարձել նաև համամասնական ընտրկարգով ընտրված ուժերը: Ըստ այդմ` առաջատարը 50,82% ձայնով իշխող «Ազգային միասնական շարժումն» է, այնուհետև` Ալասանիայի ղեկավարած «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունն է` 17,72% ձայնով, ապա Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` 13,17%-ով:
«Ազգային խորհուրդ»-ը, որը միավորում է երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր, այդ թվում նաև Վրաստանի նախկին վարչապետ, Զուրաբ Նողաիդելիի ղեկավարած «Հանուն արդար Վրաստանի» շարժումը, ստացել է ինը տոկոս ձայն: Մնացած քաղաքական ուժերը ստացել են մեկ տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ առաջադրվել էին 17 քաղաքական կուսակցություններ, որոնցից երեքը դաշինքներ են, իսկ քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էին 9 թեկնածուներ:
Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելու համար համամասնական ընտրակարգով քաղաքական ուժերը պետք է հաղթահարեին հինգ տոկոսանոց արգելքը, իսկ Թբիլիսիում` չորս տոկոսանոց արգելքը:
Ոչ կառավարական հասարակական կազմակերպություններից Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նախօրեին կազմակերպված ասուլիսում հայտարարեց, որ բազմաթիվ խախտումներ են գրանցվել, իսկ մարդկանց մասնակցությունն ընտրություններում բավականին պասիվ է եղել:
Ըստ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալի, Վրաստանի ողջ տարածքում կայացած ընտրություններում մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին 49 տոկոսը: Իսկ Թբիլիսիում գրանցված են 889905 ընտրողներից մասնակցել է 306 989-ը` 34, 5%:
Ջավախքի տարածաշրջանոմ այնքան ակնհայտ ու բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որ ինչպես Panorama.am-ին ասել էր «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը, իրենք պահանջելու են այդ տարածաշրջանի երկու տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր համարել: Նշենք, որ տեղի ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս խախտումների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ են հայտնել, սակայն իրենց հետագա անելիքների վերաբերյալ դեռևս ոչինչ չեն հրապարակել:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես է գալու ամփոփիչ ասուլիսով, որի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Հարակից նորություններ` Ընտրություններ վրացական ձևով. Տղամարդը հագուստը փոխել է և կրկնակի քվեարկել
Թբիլիսիի քաղաքապետի իշխանական թեկնածուն ստո՞ւմ է. Թբիլիսիում ընտրական տրամադրություններ են