ԿԳՆ. Հատուկ ուշադրություն` հատուկ դպրոցներին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ձևավորման և գործունեության կարգը»:
Համաձայն կարգի` խումբը գործելու է հասարակական հիմունքներով, և խորհրդի անդամն ընդգրկվելու է խմբի կազմում հինգ տարի ժամկետով:
ԿԳՆ լրատվության վարչության տեղեկատվության համաձայն, խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել հաստատություններ, անհրաժեշտության դեպքում ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, սովորողների անձնական գործերին, հաստատության պայմաններին, ինչպես նաև հանդիպել հաստատության աշխատակիցների և սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրույց ունենալ սովորողի հետ` հոգեբանի կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ:
Համաձայն կարգի` մշտադիտարկումն իրականացվելու է հաստատություններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների, ուսումնասիրությունների և դիտարկումների հիման վրա `կրթության և գիտության նախարարին ընթացիկ, տարեկան և հրատապ հաշվետվություններ ներկայացնելու ձևով, որոնց կապակցությամբ նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել երեխաների իրավունքների խախտման, խմբի լիազորությունների իրականացմանը՝ հաստատությունների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ներկայացվելու են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր հաստատության գործունեությունը, հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն:
Հրատապ հաշվետվություններում ներկայացվելու են հաստատություններում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է պաշտոնական մեկնաբանություններ:
Մշտադիտարկման լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ
առնվազն երկու անգամ այցելելու է բոլոր հաստատություններ: Նախատեսվում է կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթաց, որը պարտադիր է լինելու խմբի յուրաքանչյուր անդամի համար: Խմբի անդամները հաստատություններ կարող են այցելել ցանկացած օր և ցանկացած ժամի (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` առանց նախազգուշացման: Այցելությունները կատարվելու են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի դիտորդական խմբի խորհրդի անդամ: Հաստատություն այցելող խմբում պետք է ընդգրկված լինեն առնվազն երկու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։