«Էս էն լրագրողն ա»… «Լրագրող Անի Գևորգյանի ձերբակալման պատճառներն անձնական ու քաղաքական են»
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի ձերբակման պատճառներն անձնական ու քաղաքական են: Այս մասին ասուլիսում հայտարարեց օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը:
«Եթե Հայաստանի ոստիկանապետն անձնական վրեժխնդրությունից դրդված կարող է հրահանգել ձերբակալել երիտասարդ լրագրողին (22 տարեկան), դա նաև քաղաքական համատեքստ ունի»,- ասաց Աննա Հակոբյանը:
Նշենք, որ նախօրեին ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը:
Անի Գևորգյանին բերման են ենթարկել Ազատության հրապարակից, որտեղ, ըստ բանախոսի, նա կատարելիս է եղել իր մասնագիտական պարտականությունը` լուսաբանել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նստացույցը:
Լրագրողը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի կասկածանքով` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ըստ Ա. Հակոբյանի, Ա. Գևորգյանին ձերբակալել են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով. նրան դուր չեն եկել Անիի վերջին հրապարակումները, որտեղ նա բացահայտել էր, որ Ոստիկանության մասին օրհներգն ու տեսահոլովակը Վրաստանի ոստիկանության մասին օրհներգի ու նկարահանված տեսահոլովակի անտաղանդ կրկնօրինակն են:
«Բերման ենթարկելու ժամանակ մի ոստիկանը մյուսին ասել է` «էս էն լրագրողն ա», այսինքն` ոստիկանները գործել են կոնկրետ նպատակով»,- ասաց նա:
«Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն էլ նախ մեջբերեց «Ոստիկանության մասին» օրենքից մի քանի հոդվածներ, ապա ասաց, որ ոստիկանները Ա. Գևորգյանին բերման ենթարկելու ժամանակ ու դրանից հետո խախտել են օրենքը:
«Այսինքն` ոստիկանությունը վերածվել է բանդայի»,- ընդգծեց նա:
«Ոստիկանապետը չափազանց սխալ ուղու վրա է, մոլորության մեջ է, եթե կարծում է, որ նման կերպ կարող է վրեժ լուծել թերթից, լրագրողից: Նրան ծանր օրեր են սպասվում: Խորհուրդ ենք տալիս արագ շտկել այս սխալը, Անիին ազատել, ներողություն խնդրել»,- ասաց Ա. Հակոբյանը:Նա տեղեկացրեց, որ այժմ ձերբակալված Անի Գևորգյանը գտնվում է առանձին սենյակում, ինչը գնահատում է դրական:
Ըստ ոստիկանության հաղորդագրության. «Մայիսի 30-ին հաղորդվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանների նկատմամբ չարտոնված հրապարակային միջոցառում անցկացնելու կոչ անող անձանց կողմից բռնություն գործադրելու և դիմադրություն ցուցաբերելու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոստիկանության ծառայող Հ. Բ.-ի նկատմամբ բռնություն գործադրած անձը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, 1987 թ. ծնված Անի Գևորգյանն է: Ա. Գևորգյանը ձերբակալվել է:ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան