Առաջին տիկին. «Ես հասկացա, որ ուրիշներին երջանկություն նվիրելն ավելի մեծ երջանկություն է. Ուրեմն քայլենք հպարտ միասին»
Կամերային թատրոնի հարկի ներքո երեկ ուշ երեկոյան հավաքածները` հասարակական, քաղաքական գործիչներ, առողջապահության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ մի քանի անգամ հուզվեցին, լաց եղան, ապա ծափահարեցին ու ծիծաղեցին: Պատճառը ոչ թե բեմում կատարվող թատերականացված գործողություններրն էին, այլ ապաքինված ու ապաքինվող երեխանների մասին իրական պատմությունները:
Նախօրեին «Արմավենի» բարեգործական հիմնադրամը տոնում էր իր տասնամյակը ու ներկաներին պատմում, թե ինչ հաջողությունների է հասել այդ ընթացքում, ինչ խնդիրներ ու մտահգություններ ունի այսօր, շնորհակալություն հայտնում իր հետ համագործակցողներին ու ակնկալում նրանց աջակցության շարունակությունը: Իսկ աջակցողներ կան, ու նույնիսկ դեպքեր են եղել, որ հովանովարն է փնտրել ու հիվանդին գտել:
Հիմնադրամն առաջնորդվում է «Քայլիր հպարտ» կարգախոսով:
«Եթե երեխան ունի ոսկրաբանական հիվանդություն, նա չի կարող քայլել հպարտ: Եթե դու անցնում ես, նման հիվանդի կողքով, կարող ես օգնել նրան, բայց չես օգնում, ապա դու էլ չես կարող քայլել հպարտ: Մենք բուժման արդյունքներից ուրախանում ենք ու հպարտանում: Երբ դրանք միավորվում են, կատարվում է հրաշք: Անհույս հիվանդը ապաքինվում է, գտնում է աշխատանք, ստեղծում է ընտանիք»,-ասաց հիմնադրամի նախագահ, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը, ով հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի որդին է: Հիմնադրամը գտնում և հայտնաբերում է հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի հիվանդություն ունեցող մարդկանց, ապա գտնում է բուժման համար անհրաժեշտ միջոցները ու իրականացնում բուժումը:
Հիմնադրամի հետ համագործակցող բժիշկներն առաջնորդվում են աշխարհահռչակ գիտնական Իլիզարովի մեթոդով ու խորհուրդներով: «Բժիշկը պետք է ուշադիր հետևի բնությանը, սովորի նրանից, որ կարողանա ուղղել նրա սխալները»,-ասել է հայտնի բժիշկը, ում անմիջական ղեկավարությամբ տասը տարի աշխատել է Ա. Միրզոյանը:
10 տարում բուժվել ու այսօր նորմալ քայլում են 70-ի ավելի երախաներ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Այդքան երեխա արդեն կարողանում են վազել իրենց ընկերների հետ, դպրոցում հաճախել ֆիզկուլտուրայի դասերին: Նրանցից մի քանիսն ամուսնացել են, ներկաները տեսանյութով դիտեցին, թե ինչպես են նրանք պարում իրենց հարսանիքին: Միայն թե նրանցից մեկը չէր կարողացել հիմնդրամի ծնունդին գալ, երկու ամսից երեխա է ունենալու: Մյուսին էլ ծննդյան օրն էր, ծաղիկներ ստացավ հենց իրեն բուժած բժիշկներից: Մի հիվանդ էլ արդեն մեկ տարեկան երեխայի հետ էր եկել, մյուսին, ով մանկատան սան էր, որդեգրել ու ԱՄՆ էին տարել:
Ապաքինված երեխաները իրենց ձեքով նախօրեին ծաղիկներ նվիրեցին իրենց բուժումը հովանավորած մարդկանց, հիմնադրամի պատվավոր նախագահ, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Նրանցից մեկն էլ` Նարեկը ծաղիկը հանձնելուց հետո նստեց առաջին տիկնոջ գիրկն ու այդպես մնաց մինչև վերջ: Առաջին տիկինը խոստովանեց, որ մի քիչ վախով է ընդունել պրոֆեսոր Արշակ Միրզոյանի առաջարկը` պատվավոր նախագահ դառնալու վերաբերյալ: Այսօր վախը հաղթահարված է, մեկ տարվա ընթացքում 29 երեխա է բուժվել, որից 9-ի բուժումը ֆինասավորել են Սերժ և Ռիտա Սարգսյանները:
Նրանցից մեկն էլ 12 տարեկան Ազատ Ոսկանյանն է, Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղից: Նա բնածին երկկողմանի ծուռթաթություն է ունեցել, քայլել է մեծ դժվարություն: Բուժումը ծանր էր, երկարատև ու բարդ: Արշակը նախօրեին եկել էր հիմնադրամի տասնամյակի տոնակատարությանը: Ընտանիքով էին:
Հայրը` Մարատ Ոսկանյանը, երեխայի մասին պատմող տեսանյութը դիտելիս հուզվեց, հիշեց` երեխան ինչպես էր քայլում մինչ վիրահատությունը: «Վախ, ցավդ տանեմ»,-բացականչեց նա: Բուժումը տևել է հինգ ամիս, արատը վերացվել է: Հայրը մեզ պատմեց, որ այդ ամիսների ընթացքում Ռ. Սարգսյանը մի քանի անգամ անձամբ այցելել է հիվանդանոց` երեխային տեսության: «Միշտ մեր կողքին էր, հոգատար էր շատ, ոչ մի դժվարություն չենք զգացել»,-ասում է Մ. Ոսկանյանը: «Առաջ կոշիկ չէր կարողանում հագնել, հիմա սար է բարձրանում»,-ուրախ պատմեց հայրը:
Հիմնադրամի տնօրեն Արսեն Վահանյանը, ներկայացնելով վիճակագրությունը, ասաց, որ 2006-2009 ընթացքում բուժված երեխաների թիվը եղել է ընդամենը 23-ը: Տիկին Սարգսյանի պատվավոր նախագահ դառնալը արդյունավետ է եղել, գնահատում են հիմնադրամի ներկայացուցիչները:
«Երբ խոսքը վերաբերում է երեխաներին, մարդիկ անտարբեր չեն մնում: Երեխաներից շատերը սպասում են, սպասում են հույսով, ուզում եմ նրանց հուսախաբ չանել: Եկեք հպարտ քայլենք միասին»,-նախորդ տարի հիմնդրամ այցելելիս այսպես էր արտահայտվել առաջին տիկինը:
Նրան անցած տարի փոքրիկ խորհրդանշական արմավենի էին նվիրել, իսկ նախօրեին արդեն աճող ու արմատներ ունեցող կանաչ արմավենի նվիրեցին:
Ռ. Սարգսյանը ևս հուզված էր: Շնորհակալություն հայտնեց երեխաների բուժմանն աջակցողներին ու հույս հայտնեց, որ կշարունակեն երեխաներին հրաշք պարգևել ու երջանկացնել:
«Ես հասկացա, որ երջանկություն նվիրելը ավելի մեծ երջանկություն է: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրին և բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ պատրաստվում են մասնակցել այս ծրագրին»,-ասաց Ռ. Սարգսյանը: Պրոֆեսոր Արշակ Միրզոյանն էլ ավելացրեց, որ առաջին տիկնոջ պատվավոր նախագահ լինելը և ոգևորիչ է, և պարտավորեցնող:
Նշենք, որ միջոցառման վերջում ներկաներից մի քանիսը պատրաստակմություն հայտնեցին հոգալ երեխաների բուժման ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան