«Բազմազգ Վրաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ջավախքի 6 ընտրատարածքների արդյունքները
Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Ջավախքի, Մարնեուլիի, Նինոծմինդայի վեց ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում և շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հիսունից ավել դիմում- բողոքներ են ներկայացրել:
Իսկ խախտումները եղել են բազմապիսի` դիտորդներն արձանագրել են լցոնումների դեպքեր, հանձնաժողովի անդամները միջամտել են քվեարկության ընթացքին, քվեատուփի թաքցնելու դեպքեր են եղել, ինչպես նաև կիրառվել է «կարուսել» մեթոդը: Ըստ Ստեփանյանի, որոշ խախտումների վերաբերյալ արձանագրված տեսանյութ կա:
Խոսելով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հայերի մասնակցության մասին` Ստեփանյանն ասաց, որ այստեղ ընտրություններին մարդկանց մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել այն ընտրատեղամասերում, որտեղ հայերով բնակեցված են եղել:
«Իսկ նախորդ ընտրություններում հայերի մանակցությունը զգալիորեն բարձր է եղել, սա մեզ թույլ է տալիս ասել, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը` բոյկոտել կուսակցական ցուցակները, արդյունք տվել է», -հավելեց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հայկական ասամբլեան կոչ էր արել թբիլիսաբնակ հայերին չքվեարկել կուսակցական ցուցակների օգտին: