Օբաման չշնորհավորեց Ալիեւին
Ադրբեջանի Հանրապետության օրվա` մայիսի 28-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չշնորհավորեց Իլհամ Ալիեւին: Այս փաստից Ադրբեջանի իշխանությունները խիստ վիրավորվել են: Նրանց ջանքերը` պաշտոնական Վաշինգտոնի հետ փոխհամաձայնության գալու, միմյանց հասկանալու և փոխըմբռնման հասնելու ուղղությամբ, զուր անցան:
«Ազադլըգ» թերթը գրում է, որ Իլհամ Ալիեւի անունը չի հիշատակվել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնական կայքում զետեղված շնորհավորական նամակում. Հիլարի Քլինթոնը նախընտրել է շնորհավորել միայն Ադրբեջանի ժողովրդին: Թերթի համոզմամբ, այդ փաստը ցույց տվեց, որ Օբամայի ադմինիստրացիան չի փոխել Ալիեւների նկատմամբ իր վերաբերմունքը:
Ի դեպ, փորձագետները ևս կարծում են, որ ԱՄՆ նախագահի` Իլհամ Ալիեւին շնորհավորական նամակ չուղարկելն ու Հիլարի Քլինթոնի` շնորհավորանքը սոսկ ադրբեջանական ժողովրդին հասցեագրելը պատահական չէ: Փորձագետները կարեւոր հանգամանք են համարում նաեւ տոնի նախօրեին ամերիկյան ազդեցիկ «The Washington Post» թերթում Իլհամ Ալիեւի մասին հերթական մերկացնող հոդվածի հրապարակումը:
«Երբ ԱՄՆ-ը սկսեց ժողովրդավարության պահանջներն ավելի հնչեղ բարձրաձայնել, պաշտոնական Բաքուն բռնեց Վաշինգտոնին շանտաժի ենթարկելու ճանապարհը: Երկրում մեկնարկ տրվեց հակաամերիկյան արշավին: Ադրբեջանի իշխանությունը կարծում էր, որ այդ եղանակով կկարողանա Վաշինգտոնին հետ պահել իր դիրքորոշումից: Դա գլուխ չբերելուց հետո էլ քարոզչություն սկսվեց ԱՄՆ հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչը ներքին լսարանին ուղղված քայլ էր եւ նպատակ ուներ շփոթեցնել ադրբեջանական հասարակությանը: Սակայն այդ քարոզչությունն էլ փլուզվեց: Արդեն կարելի է համարել, որ ԱՄՆ-ի` Ադրբեջանի իշխանությանը ներելու եւ զիջելու լիմիտը լրացել է»,- գրել է «Ազադլըգը»: