Երեխաներն առողջ լինելու իրավունք ունեն. Նրանք հույսով սպասում են բարերարների
Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Ամեն իրավունքից առաջ մեր երեխաներն առողջ ապրելու իրավունք ունեն` անկախ սոցիալական պայմաններից, հիվանդության տեսակից ու բուժման համար անհրաժեշտ գումարի չափից:
Արդեն տասնամյա պատմություն ունեցող «Արմավենի» բարեգործական հիմնադրամի «Քայլիր հպարտ» ծրագրի հիմնական նպատակը հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի մի շարք հիվանդություններ ունեցող մանուկների, պատանիների ու երիտասարդների բուժումն է, նրանց հպարտ քայլելու հնարավորություն տալը: Հիմնադրամը գտնում է մարդկանց, ովքեր պատրաստ են միջոցներ տրամադրել երեխաների բուժման, հպարտ քայլելու համար: Տասը տարվա ընթացքում բուժվել ու դեռևս ապաքինման ընթացքում է 70-ից ավելի երեխա, Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Սակայն ոսկրաբանական տարբեր հիվանդություններով ու բուժման հնարավորություն չունեցող երեխաներ էլի կան: Նրանք հույսով սպասում են բարերարների:
10 տարեկան Անին ազդրի բնածին արատ ունի, ինչի հետևանքով աջ ազդրը չի աճում: Այսօր աղջկա աջ ազդրը առողջից կարճ է 32 սմ-ով: Հիմնադրամի տնօրեն, բժիշկ Արսեն Վահանյանի ներկայացմամբ, բազմակողմ ու տևական բուժման անհրաժեշտություն կա, կպահանջվի 3-4 վիրահատություն, երկու տարի ժամանակ ու 12 հազար դոլարին համարժեք գումար: Հիվանդ երեխաներ էլի կան:
Հիմնադրամի տնօրեն, բժիշկ Արսեն Վահանյանն ասաց, որ մարդիկ նախընտրում են հոգալ ավելի կարճ ու էժան բուժում պահանջող հիվանդությունն ունեցողների բուժումը: Բնական է, բայց ավելի հաճախ ֆինանսավորում են մանուկների բուժումը, ինչի հետևանքով հիվանդների տարիքային շեմը բարձրացել է` հասնելով 21-22 տարեկանի:
Հիմնադրամի տասնամյակը շնորհավորելու համար նախօրեին Կամերային թատրոն էին եկել պետական պաշտոնյաններ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ: Նրանցից մի քանիսը խոստացան աջակցել երեխաների բուժմանը: Ռոզա Ծառուկյանն ասաց, որ Ծառուկյան հիմնադրամը կշարունակի աջակցությունը, Վարդանյանների ընտանիքը խոստացավ ֆինասավորել մեկ երեխայի բուժումը, Մաքսիմ Հակոբյանի և Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էլ հիմնադրամին 50 հազար դոլար կտրամադրվի, որպեսզի մասնագետները որոշեն ու ըստ առաջնահերթության վիրահատություններն անցկացնեն: Աջակցության խոստումներ էլի եղան:
Միջոցառմանը ներկա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ում ընանիքի կողմից ցուցաբերած աջակցության արդյունքում վիրահատված երեխան օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից, ասաց, որ երախտապարտ է բոլորին, խոստացավ, որ 2011 թվականից պետական մոտեցում կցուցաբերեն ծրագրին: «Մենք այսօր բարեփոխումների փուլում ենք: Հանրապետության նախագահի կարևորագույն ծրագրերից մեկն էլ առողջապահության նկատմամբ հանրության վստահության վերականգնումն է»,-ասաց նախարարը:
Միջոցառմանը ներկա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիմնադրամի կատարած գործը ազգանվեր որակեց, պատրաստակամություն հայտնեց որպես սովորական քաղաքացի ու նախարար աջակցել դրա իրականացմանը:
«Ծրագիրը ոչ միայն ապաքինում է մարդկանց ֆիզիկապես, այլ մեր հասարակության բազմաթիվ սրտեր ու հոգիներ է բուժում: Նրանք մեր հասարակության մեջ ավելի բարի մարդիկ են դառնում»,-ասաց նախարարը: Հիմնադրամի բժիշկներն ասացին, որ իրենց գործունեության ընթացքում չորս զինծառայողի հարազատների են բուժել: Ս. Օհանյանը խոստացավ ընդունել հիմնադրամի նախագահ Արշակ Միրզոյանին ու նրա հետ քննարկել մտահոգիչ խնդիրներն ու լուծումներ գտնել դրանց:
Հիմնադրամի տասնամյակին նվիրված միջոցառմանը եկել էին նաև ապաքինված երեխաները` ծնողների ու հարազատների հետ: Նրանցից մեկը` Մանուչարյանը Էդվարդը եկել էր ընկերների հետ, դուդուկ նվագեց, դասերի է գնում: Բուծվածների ծնողները հուզված էին, շնրհակալություն հայտնեցին հուզմունքից դողդողացող ու կտրտվող ձայնով:
«Շատ հուզված եմ: Շնորհակալ եմ բոլորին: Ձեր արած գործը.... Նրանք հրաշք են գործում: Ընդամենը մեկ տարի առաջ, այս հրաշքի մասին ես է որպես տատիկ ուղղակի երազում էի»,-ասաց ծուռթաթությունից բուժված Նարեկի տատիկը:
Նախորդող հրապարակում`
Առաջին տիկին. «Ես հասկացա, որ ուրիշներին երջանկություն նվիրելն ավելի մեծ երջանկություն է. Ուրեմն քայլենք հպարտ միասին»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան