Չի թույլատրվում բջջային հեռախոսով մտնել քննասենյակ
Այս տարի միասնական քննություների ընթացակարգն էլ ավելի է խստացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգի համաձայն, միասնական քննությունների ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ:
Նա տեղեկացրեց, որ եթե անցած տարիներին անկախ այն բանից, թե ինչ խախտում էր թույլ տալիս շրջանավարտը, միայն երկրորդ անգամ խախտում կատարելուց հետո էր քննասենյակից հեռացվում, ապա այս տարի որոշ խախտումներ կատարելու դեպքում դիմորդն անմիջապես հեռացվելու է քննասենյակից և ստանալու է անբավարար գնահատական:
Նա նշեց, որ առաջին հերթին չի թույլատրվում քննասենյակ մտնել բջջային հեռախոսով:
«Եթե հանկարծ, որևէ դիմորդի մոտ քննասենյակում հայտնաբերվի բջջային հեռախոս, ապա նա միանգամից առանց նախազգուշացման կհեռացվի քննասենյակից, անկախ այն բանից` օգտվել է հեռախոսից, թե ոչ: Դիմորդը կհեռացվի նաև, եթե օգտվի ծածկագրից», –հավելեց նա։
Եթե շրջանավարտը քննության ընթացքում հուշի կամ խոսի մեկ ուրիշ դիմորդի հետ, ապա այդ դիմորդին զգուշացվելու է, իսկ երկրորդ անգամ խախտումը կրկնելուց հետո դուրս են հրավիրելու քննասենյակից: Նա տեղեկացրեց, որ դեռ նման դեպքերի մասին այսօր ահազանգ չի եղել:
Գ. Խաչատրյանը հայտնեց` եթե նախկինում քննության ավարտից հետո դիմորդներն իրենք էին բերում և հանձնում թեստը կազմակերպչին, ապա այս տարի քննության ավարտից հետո կազմակերպիչներն իրենք են մոտենալու դիմորդներին և հավաքելու թեստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան