Քննական գնահատականները դիմորդները կարող են բողոքարկել արդյունքների հրապարակման հաջորդ օրը
Միասնական քննությունների գնահատականների հետ չհամաձայնող դիմորդները կարող են բողոքարկել քննական արդյունքը` արդյունքների հրապարակման հաջորդ օրը, բողոքարկման արդյունքներն էլ կհրապարակվեն եռօրյա ժամկետում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, դիմորդը կարող է բողոքարկել ոչ միայն միասնական քննության արդյունքների վերաբերյալ, այլև անցկացման կարգի խախտման վերաբերյալ: Նշենք, որ բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա:
Միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ դիմորդը կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին:
Ըստ կարգի, բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա պատասխանատու կազմակերպիչը կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին:
Պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին, իսկ կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի μացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն:
Բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել:
Բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում` բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն:
Բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը: Բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում` դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ, դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ:
Գայանե Մանուկյանի խոսքով, միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն կարող է բողոքարկել արդյունքների հրապարակման հաջորդ օրը` ժամը 9:00-18:00-ն, իսկ արդյունքի հետ անհամաձայնության վերաբերյալ բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն կենտրոնի ղեկավարին, որտեղ հանձնել է քննությունը:
Կենտրոնի ղեկավարն ստացված բողոք-դիմումները գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում:
Բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են քննության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան