Իրանցի փորձագետ. Ալիևը Իսրայելին քննադատելու փոխարեն` գերադասեց լռել
Իրանցի քաղաքական փորձագետ Հասան Գոլին իր վերլուծական հոդվածում քննադատել է իսլամական երկների հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վարած երկակի քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է իրանական «arannews.ir» կայքը:
Իրանցի փորձագետը, մասնավորապես, նշում է.
«Ադրբեջանը, որպես «Իսլամական կոնֆերանս»(ԻԿԿ) կազմակերպության անդամ, ԻԿԿ բոլոր նիստերի ժամանակ իսլամական երկրներից պահանջում է, որպեսզի քննադատեն Հայաստանին, պաշտոնապես ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բարձրացնում է Խոջալուի դեպքերի հարցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարոն Ալիևի գլխավորությամբ, փոխանակ, որպես ԻԿԿ անդամ երկրի ղեկավար ևս քննադատեր Իսրայելի գործողությունները, գերադասեց լռել»:
Հասան Գոլին, անդրադառնալով Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին, գրում է.
«Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հենց առաջին փուլում Ադրբեջանը ցավագին ընդունեց Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների փաստը, և մշտապես պահանջում էր, որպեսզի բանակցությունները դադարեցվեն` մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չորոշվի: Այժմ Թուրքիան, իսրայելա-թուրքական լարված հարաբերությունների ժամանակ, սպասում է Ադրբեջանի ղեկավարության համարժեք պատասխան քայլին»: