Ադրբեջանուն գաղտնի ռազմաբազանե՞ր են տեղակայվելու
«Ադրբեջանի տարածքում գաղտնի ռազմակայանների տեղակայման հարցը երբեք այդքան սուր դրված չի եղել: Չնայած, վերջին օրերին մի շարք հեղինակավոր պարբերականներ գրեցին, որ հարցն արդեն լուծված է»,- մեկնաբանելով «The New York Times» պարբերականում հայտնված տեղեկություններն այս մասին, թե Ադրբեջանի տարածքում գաղտնի ռազմաբազաներ են տեղակայվելու՝ «Վեստի.ազ» լրատվական կայքի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Նշենք, որ «The New York Times»-ը նշել է, որ ԱՄՆ գաղտնի ռազմաբազաններ է հիմնում Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Ուզբեկստանում՝ գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու և ողջ աշխարհում որոշակի տեղեկություններ հավաքելու նպատակով: Ընդ որում՝ նշվում է, որ այդ օպերացիայի մեկնարկն արդեն իսկ ստորագրվել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից:
Ջաֆարովը նշել է, որ առաջին հերթին նման ռազմաբազաների անհրաժեշտություն կա Վրաստանում, բայց ոչ Ադրբեջանում: Նա նշել է, որ եթե հրապարակված երկրների շարքում նշվել է Ադրբեջանի անունը, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի մտադրությունները 100%-ով իրականացվելու են:
«Սակայն մենք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը միանգամայն բացասական կվերաբերվեն այդ համաձայնությանը»,- ասել է ռազմական փորձագետը