Ադրբեջանական իշխանությունները ստում են. Ֆաթուլաևը հացադուլ է հայտարարել
Այսօր Ադրբեջանի Գարադագի շրջանային դատարանում շարունակվել է ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է թմրանյութերի անօրինական պահպանման համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դիմելով ներկաներին, Էյնուլա Ֆաթուլաևը հայտարարել է, որ այսօրվանից հացադուլ է հայտարարում՝ իշխանություններից պահանջելով ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ադրբեջանական իշխանությունների՝ Ֆաթուլաևին ազատությունից զրկելու որոշումը համարել էր անօրինական և պահանջել ազատ արձակել նրան: Հիշեցնենք, որ որոշումն ընդունվել է սույն թվականի ապրիլի 22-ին:
Նա խնդրեց իր լրագրող գործընկերներին՝ գնալ նախագահի աշխատակազմ և տեղեկացնել իր մտադրության ու առաջադրված պահանջի մասին: «Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարին կտեղեկացնեն իմ և իմ գործի մասին»,- ասել է Ֆաթուլաևը:
Դիմելով դատարանին, նա հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները ստում են՝ պնդելով, որ Ստրասբուրգյան դատարանի մեծ պալատին բողոքարկում են ներկայացրել:
«Ստրասբուրգից մեզ հայտնել են, որ արդեն երկու ամիս է սպասում են այդ բողոքարկմանը, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչը, մինչ այժմ, այն չի ներկայացրել»,- ասել է լրագրողը: Միաժամանակ նա իր գործընկերներին խնդրել է չմիանալ իր հացադուլին:
Այնուհետև դատարանին է դիմել Ֆաթուլաևի փաստաբան Իսահան Աշուրովը՝ կոչ անելով, իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը: Այդ հարցի հետ կապված, դատավոր Իսմայիլ Ղալիլովը ասել է, որ ինքը քննում է միայն թմրանյութերի պահպանման առնչությամբ ներկայացված գործը:
Հիշեցնենք, որ բլոգերներ Ադնան Հաջիզադեն ու Էմին Միլին ձերբակալվել են անցյալ տարվա հունիսին և շինծու վկայությունների հիման վրա մեղադրվում են խուլիգանական արարքի մեջ: Բլոգերների գործը մեծ ռեզոնանս է առաջ բերել միջազգային մասշտաբով և այդ առնչությամբ դատապարտող հայտարարություններ են տարածել Արևմտյան գրեթե բոլոր երկրներն ու միջազգային կառույցները, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններ:
Նշվում է, որ Գաջիզադեն և Միլլին պատժվել են իշխանություններին քննադատելու և կոռուպցիոներ քաղաքական գործիչների վերաբերյալ վիդեո տեսահոլովակներ տարածելու համար: