ՀՀ նախագահ. Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, և ժամանակը կաշխատի մեր օգտին
«Հայաստանում ներքին կյանքը կայուն է: Հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները: 2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Մենք գտնվում ենք վերականգնման փուլում»,-Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացնելով Հայաստանի ներքին կյանքը` ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՌԴ նախագահի հրավերով երկօրյա աշխտանքային այցով էր մեկնել այդ քաղաք:
Ս. Սարգսյանն ասել է, որ տեղական և միջազգային փորձագետների գնահատականներով, Հայաստանի տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա:
«Մենք ելնում ենք այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում և կարողանում ենք աշխատել: Նաև աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջև է. ես նկատի ունեմ Նոր Նախիջևանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին մաղթել է առավել արդյունավետ աշխատանք հայապահպանության ուղղությամբ:
«Ես հավատում եմ, որ այս քաղաքը ռուս և հայ մշակույթներին տալու է նոր սարյաններ, տալու է նոր գիտնականներ, արդյունաբերողներ, առևտրականներ, նոր գործիչներ ամենատարբեր ոլորտներում: Դրա ներուժը կա. չի կարող չլինել: Մաղթում եմ ձեզ առավել սերտացնել կապերը պատմական հայրենիքի հետ: Դրանք պետք է լինեն ոչ միայն ընտանեկան ու մշակութային, այլև գործնական: Բարձր պահեք հայի անունն ու պատիվը ձեր հյուրընկալ երկրում: Ես գիտեմ, որ դուք ապրում և հպարտանում եք Հայաստանի հաջողություններով: Իմացեք, որ մենք էլ ուրախանում ենք այստեղից ստացած լավ լուրերով»,-մեր հայրենակիցներին ասել է ՀՀ նախագահը, ապա ավելացրել, որ մենք մեր պատմությունն ենք կերտում:
«Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, և ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը:
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի և հայության համար, մեր համատեղ պայքարի ու հաղթանակի համար»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա