Արծնիի համայնքային կենտրոնը հիմնանորոգվում է
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարվա փետրվարին մեկնարկել է Արծնիի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը: Ձեռնարկը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը:
Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, հիմնադրամի կողմից Համայնքում իրականացվող երկրորդ ծրագիրը դպրոցի հիմնանորոգումն է` Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Համայնքայի երկհարկանի կենտրոնը 40 տարվա կառույց է և նորոգման խիստ կարիք ուներ: Վերանորոգումից հետո այնտեղ տեղակայված գյուղապետարանը կծառայի համայնքին, իսկ հանդիսությունների սրահն ու բուժկետը կսպասարկեն նաև հարևան Ապավեն գյուղի բնակիչներին: Արդեն տեղադրվել են դռներն և լուսամուտները, միջանցքի հատակն ու աստիճանները երեսապատվել են մամլված գրանիտե սալիկներով: Ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները:
Գյուղի 350 բնակիչների մեծ մասը Գետաշենից եկած փախստականներ են: Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: 1991թ-ին համայնքը վերանվանվել է Արծնի: «Գյուղում խնդիրներ շատ կան, բայց հույս ունեմ, որ մեր աշխատանքների արդյունքում գյուղը կսկսի նոր կյանքով ապրել, և գյուղացին կնախընտրի մնալ ու աշխատել հայրենի գյուղում»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նշենք, որ Լոռու մարզում ներկայում իրականացվող երրորդ ծրագիրը Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցի մարզադահլիճի կառուցումն է, որը պատրաստ կլինի այս տարվա հունիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա