Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին. «Ահաբեկչության աջակիցներին էր տեղափոխում այդ նավը»
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ երեկ ընթացել է ներքին ու արտաքին անվտանգության հարցերով կառավարության հատուկ նիստ, որը տևել է մոտ 4.5 ժամ: Ավարտվելուն պես տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի, քննարկումների առանցքում եղել են թուրքական նավի վրա իսրայելական զինուժի հարձակման և Իսքենդերունում քուրդ գրոհայինների ահաբեկչության հետ կապված հարցեր: Որոշում է ընդունվել այդ երկու ռազմական օպերացիաների վերաբերյալ հետաքննություն սկսել և պարզել հանգամանքներն ամենայն մանրամասնությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական
«Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը: Վճռվել է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը և արագություն հաղորդել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը թուրքական «Mavi Marmara» նավի դեմ իրականացրած Իսրայելի ռազմածովային ուժերի գործողությունը որակել էր իբրև պետական մակարդակի տեռոր, քանի որ իսրայելցի ուժայինները մարտական զենք էին բանեցրել «մարդասիրական» բեռ տեղափոխող նավի ուղևորների դեմ:
Այդ միջադեպին բոլորովին այլ գնահատական է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ դեպի Գազայի հատված շարժվող թուրքական նավում գտնվել է «Համաս» ահաբեկչական խմբավորմանը աջակցող ծայրահեղականների մի խումբ, որոնց վնասազերծելը իսրայելցի զինվորների պարտքն էր:
«Դա հումանիտար օգնություն տեղափոխող նավ չէր: Ահաբեկչությանն աջակցողներին տեղափոխող նավ էր»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նավի վրա գտնվողները փորձել են իսրայելցի զինվորներին նավից ցած նետել, խլել նրանց զենքերն ու սպանելու մտադրությամբ կրակ բացել, հնչեցրել է հետևյալ հարցը.
«Ուզում եմ բոլորին հարցնել: Այդ զարգացումներին նայելով կարելի° է ասել, որ նավերում գտնվողները խաղաղասերներ էին: Այդ մարդիկ բռնության և տեռորի աջակիցներն էին: Հարկ է բացեիբաց ասել, որ մեր զինվորները ջանացել են իրենց կյանքը փրկել, և ես հպարտանում եմ նրանց գործողություններով»: