Դինքի փաստաբանին գտել են իր տան մեջ` կախված և խեղդամահ եղած
Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունում ներգրավված փաստաբան Հաքան Քարադաղին գտել են Ջիհանգիր թաղամասի իր բնակարանում կախված և խեղդամահ եղած վիճակում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) թերթը:
Ժամանակին Քարադաղն ասել էր, որ Դինքի սպանության գործով դատավարության հերթական նիստերից մեկի ժամանակ Դինքին սպանած Օգյուն Սամասթն իր հասցեին սպառնալիք է հնչեցրել և ձեռքում եղած թղթի վրա ինչ-որ բան գրելով դրել գրպանը: Հետագայում դատավորը հաստատել է, որ Սամասթի գրառած թղթի վրա եղել է հենց Քարադաղի անունը:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր հրապարակախոս, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրատան շենքի առջև: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել էր իր մեղքը։ Պետական մեղադրողը պահանջում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին ու կատարողներին դատապարտել խիստ ռեժիմի ցմահ բանտարկության, իսկ դրան մեղսակից անձանց՝ 22-ից մինչեւ 48 տարվա ազատազրկման:
2009-ի դեկտեմբերին էլ թուրքական դատարանը արդարացման վճիռ էր կայացրել Հրանտ Դինքին սպանողներին գովերգող երգի հեղինակին: Հիշեցնենք նաև, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ագօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող Շաֆաք փողոցը վերանվանել Հրանտ Դինքի անունով։