Երկամսյա «կաշմառից» հետո. խորհրդարանականները քննարկում էին օտարալեզու դպրոցների հիմնումը նախատեսող օրինագծերը
Այսօրվա նիստում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը վերջապես անդրադարձավ արդեն երկու ամիս հասարակության լայն շրջանակներում մեծ աղմուկ հանած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունենր կատարելու մասին նախագծերին:
Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մինչև օրինագծերը ներկայացնելը, ասաց, որ երկամսյա «կաշմառ» է ապրել օրինագծերի շուրջ հասարկության բողոքի ներքո, հետո նշեց. «Այս երկու ամիսների ընթացքում ոչ միայն վհուկների որս է եղել, ինկվիզիցիաներ, եղել է նաև առողջ մտահոգություն, քննադատություն»:
Նկատենք, որ «կաշմառ» բառը ռուսերենից է և հայերենում նշանակում է «զարհուրանք, մղձավանջ»:
Նա ընդգծեց, որ «որսալով ազնիվ մտահոգության ու ինտելեկտուալ մտքի բյուրեղները»` կառավարությունը որոշակի լրացումներ է արել օրինագծերում:
Աշոտյանի ներկայացմամբ, օրենսդրական երաշխիքներ են տրվում, որ բոլոր օտարալեզու դպրոցներում անխտիր հայագիտական առարկաները, այսինքն` նվազագույնը դասաժամերի 1/3-ը, կլինի Հայաստանի ու հայության մասին դասավնդվեն ու դրանք դասավանդվելու են միայն հայերենով:
Աշոտյանի թվարկած սահմանափակումները վերաբերում էին դպրոցների թվին. դպրոցների ընդհանուր թիվը չի գերազանցի 15-ը, մայրաքաղաքում դպրոցների թիվը սահմանափակ կլինի, միևնույն լեզվով դպրոցների թիվը նույնպես սահմանափակ կլինի, օրենքով կերաշխավորվի հայոց լեզվի և հայագիտական առարկաների պարտադիր դասավանդումը հայերենով և ծավալով: «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ` նման տեսակի դպրոցների գործունեությունը կթույլատրվի տարրական աստիճանից բարձր դասարաններում` 5-րդ դասարանից (10-11 տարեկան-հեղ.) սկսած:
Այստեղ Աշոտյանին հակառակվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Եթե փոփոխություն չլինի և օտար լեզվով դասավանդումը չիրականացվի միայն ավագ դպրոցներում, մենք դեմ ենք քվեարկելու օրինագծերին», -խմբակցության պայմանը նախարարի առջև բարձրաձայնեց պատգամավոր Զոհրաբյանը:
Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչ խնդիր են լուծելու օտարալեզու դպրոցները` դրանց հիմնմամբ փորձ է արվում բարձրացնե՞լ օտար լեզվի դասավանդման որակը մեր երկրում, թե՞ այլ խնդիր էլ կա:
Հարցին նախարար Աշոտյանը հստակ պատասխան չտվեց, այլ պատգամավորների համար մի նոր բացահայտում արեց` պարզվում է` հանրապետությունում արդեն իսկ օտար լեզվով ուսուցմամբ դպրոց գործում է և ինչպես նախարարը նշեց` անօրինական: «Դա QIS դպրոցն է, հիմնադրվել է իմ` նախարար դառնալուց առաջ և աշխատում է մինչ օրս: Այդտեղ սովորում են նաև Հայաստանի քաղաքացի երեխաները»,- տեղեկացրեց նախարարը` ընդգծելով, որ այդ դպրոցը կրթության նախարարության լիցենզիա չի ստանում և ավարտական վկայական տալիս է առանց հավաստագրի:
Նախարարը նշեց, որ շատ ցանկություններ կան Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու համար, իսկ օրնեսդրական դաշտը չի թույլ տալիս: Նա մատնանշեց, որ Դիլիջանում անգլալեզու դպրոց հիմնելու ցանկություն ունի «International School of Dilijan»-ը, ինչպես նաև` Թաիլանդի դպրոցը, որտեղ այս պահին 45 հայ երեխաներ են ուսանում:
«Այս դպրոցները հնարավորություն կտան կրթության ծրագրերի բազմազանությունն ապահովել, քայլել ժամանակին համընթաց», -հիմնավորեց նախարարը: Խորհրդարանում քննարկումները դեռևս շարունակվում են և ավելի ուշ հայտնի կդառնա` օրինագծերը կարժանանա՞ն հանձնաժողովի դրական եզրակացությանը, թե՞ ոչ:
Նկատենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ «Մենք պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը», ինչպես նաև` այլ մակագրությամբ պաստառներով բողոքի ակցիա էր կազմակերպել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը` ընդդիմանալով օրենքների ընդունմանը: