Գերմրցաշար կարող է անցկացվել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում
Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեր թղթակցի խնդրանքով անդրադարձավ նաև գերմիջինքաշային կարգում «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում Արթուր Աբրահամի և Անդրե Դիրրելի մենամարտին: Հիշեցնենք, որ Արթուրը ծնկով գետնին կպած մարզիկին հարվածելու համար որակազրկվեց, իսկ Դիրրելը պարզապես նոկաուտ ձևացրեց` հաղթանակ կորզելու համար:
«Իհարկե, մրցակցին այդպես չի կարելի հարվածել: Բայց մի մոռացեք, որ նրա հակառակորդը` Դիրրելը, լավ դերասան էր: Նոկաուտի հասցնող հարված չկար: Արթուրը չհամբերեց և հարվածեց նրան, երբ նա, իբր, վայր էր ընկնում: Հարվածը սխալ էր, ուստի կարելի է ասել, որ տրամաբանական էր նաև որակազրկումը: Իսկ Անդրե Դիրրելին, ըստ, իս, պետք է Հոլիվուդի որևէ գավաթ տան դերասանական վարպետության համար»,- նշեց Վիկը:
Դարչինյանը «Showtime»-ի լավագույն բռնցքամարտիկների ցուցակի լավագույն հնգյակում է, ուստի այդ հեռուստաընկերությունը նպատակ ունի կազմակերպել նաև այն մարտի հեռարձակումը, որը, հնարավոր է, պիտի տեղի ունենա Հայաստանում:
«Նրանք ուզում են հատուկ ինքնաթիռ վարձել, ողջ տեխնիկան տեղափոխել Հայաստան և կազմակերպել մենամարտն ու նրա հեռարձակումը: Դա, իհարկե, շատ մեծ գումարների հետ է կապված, սակայն ուրախացնում է այդ ընկերության պատրաստակամությունը»,- ավելացրեց Վիկ Դարչինյանը:
Աշխարհի չեմպիոնը չբացառեց, որ մոտ ապագայում կարող է հայտարարվել նաև թեթևքաշային կարգում որևէ գերմրցաշար անցկացնելու գաղափարի մասին: Նա նույնիսկ նշեց, որ գերմիջինքաշային կարգում կիրառված մոտեցումը լավ արդյունքներ է տվել, և արդեն այսօր բարձր մակարդակով խոսակցություններ կան նաև այլ քաշային կարգերում նման մրցաշարերի կազմակերպման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան