«Տիգրանակերտ»-ն այսօրվանից կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում
Հունիսի 4-ին, 5-ին և 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 18-ին կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Տիգրանակերտ» նոր փաստավավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին, պատմում է նրա կյանքի ու ճակատագրի մասին:
Ֆիլմի ստեղծման համար առիթ են հանդիսացել Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ հայ հնագետների պեղումները, որոնց արդյունքում 2006-ին Աղդամից ոչ հեռու հայտնաբերվել են Տիգրան Մեծի կողմից հիմնված բերդաքաղաքի ավերակները:
Մեծ հաշվով, Տիգրան Մեծը ստեղծել է ոչ միայն այդ քաղաքը, այլև հենց Հայաստանը, համաշխարհային պատմության և աշխարհագրության փաստից նրան դարձնելով միջազգային քաղաքականության գործոն, ինչպես պետական հզորության մասին իրականացված երազանք, որն այն ժամանակվանից ոգևորում է ժողովրդին ու թույլ չի տալիս ծնկի գալ ամենաահավոր փորձությունների առջև:
Բավական է ասել, որ Մեծ և Փոքր Հայքի պետական սահմանները գծվել ու առաջին անգամ ճանաչվել են հենց Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, իսկ նրա ու Հռոմի միջև հաշտության պայմանագիրը կնքվել է մ.թ.ա 66 թվականին:
Այս առումով «Տիգրանակերտ»-ը վերաբերում է հենց Հայաստանին ու հայերին: Երկու մասից բաղկացած 97 րոպեանոց ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Խզմալյանն է: Շուտով պատրաստ կլինեն ֆիլմի ռուսերեն ու անգլերեն տարբերակները: