Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը Ֆեռնանդո Մոնտիելն է
Այսօր որոշվել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր քաշային կարգերում WBC-ի, WBA-ի և IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հաջորդ մենամարտում, որը տեղի կունենա սեպտեմբերի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում, Լոս Անջելեսում կամ Լաս Վեգասում, կհանդիպի Ֆեռնանդո Մոնտիելի հետ:
«Նախ ուզում եմ նշել, որ ձեռքի վնասվածքի պատճառով այդ մենամարտն ստիպված էինք հետաձգել մոտ 2-3 շաբաթով: Կմենամարտեմ Ֆեռնանդո Մոնտիելի հետ այն նույն քաշային կարգում, որում հաղթեցի Բարսելոնային: Նա WBO և WBC-ի վարկածներով չեմպիոնն է: Պետք է նշեմ, որ IBO-ի չեմպիոնական գոտին իր նշանակությամբ ու արժեքով ամենաբարձրն է: Այդ ֆեդերացիայից առաջարկություն ունեմ` մենամարտելու սուպերչեմպիոնի կոչման համար: Բոլոր ֆեդերացիաներն արդեն ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի նման մենամարտ անցկացվի: Եվ շատ հնարավոր է, որ Մոնտիելի հետ մենամարտը նման կարգավիճակ ունենա: Ապագա մրցակիցս մեկ շաբաթ առաջ մենամարտեց Ճապոնիայում և ճապոնացի մարզիկին պարտության մատնեց երրորդ ռաունդում, նոկաուտով:
Ընդ որում` վերջինս արդեն 6-7 տարի է` տիրում էր չեմպիոնի կոչմանը: Հիմա ես Մոնտիելին ձեռնոց եմ նետել: Նրա ներկայացուցիչներն ասում են, որ մինչև ինձ հետ հանդիպելը Ֆեռնանդոն կմենամարտի որևէ թույլ մրցակցի հետ: Ի դեպ, նրա հետ պայմանագիր առայժմ չենք ստորագրել: Բացառված չէ, որ հաջորդ մենամարտում նա վնասվածք ստանա և դրա արդյունքում չկարողանա կատարել պայմանագրային պարտավորությունները: Ուստի համաձայնագրի տակ մեր ստորագրությունները կդնենք միայն նրա վերջին մենամարտից հետո»,- նշեց հայ բռնցքամարտիկը:
Իսկ ինչո՞ւ Վիկ Դարչինյանը չի ուզում մարզումային գործընթացը կազմակերպել Հայաստանում:
«Այդ հարցն ինձ հաճախ են ուղղում: Այստեղ այնպիսի ընկերներ ունեմ, որ նրանց «հոգատարության» շնորհիվ շուտով ստիպված կլինեմ տեղափոխվել գերծանրքաշային կարգ: Իսկ եթե ավելի լուրջ ասեմ, Ավստրալիայում լավ մարզումային պայմաններ ունեմ, նաև սպարինգ մրցակիցների հարցում խնդիրներ չկան»,- հստակեցրեց աշխարհի չեմպիոնը: