Բաքվում հիմնվում են հակաիրանական պանթյուրքական կազմակերպություններ
Բաքվում կատարվել է պանթյուրքական գաղափարախոսություն կրող «Ազգային համերաշխություն» կուսակցությանը պատկանող 300 հազար եվրո արժողությամբ նորակառույց շենքի բացման արարողությունը: Այդ մասին հայտնում է իրանական «Իռաս.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, վերոնշյալ կուսակցության ղեկավար Սաբիր Ռուստամխանլին հայտարարել է, որ նորակառույց շենքում, բացի «Ազգային համերաշխություն» կուսակցությունից, կտեղակայվեն նաև «Քաղաքացիական համերաշխություն», «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» (ԱՀԿ)` շովինիստական կազմակերպության օրգան հանդիսացող պանթյուրքական «Բաքու-Թավրիզ» ամսագրի գրասենյակները:
Ըստ իրանական կայքի` երկու տարի առաջ Բաքվում նմանատիպ մի կառույց էր ստեղծվել, որտեղ տեղակայվել էր «Ազգային անկախություն» կուսակցության գրասենյակը: Վերջինիս կողմից հրահրված ազգայնական շարժման արդյունքում ադրբեջանցիների շրջանում աճել է հակաիրանական տրամադրությունները: