Ա. Ապատյան. «Հիմա չգիտեմ` ով է ստում` վարչապե՞տը, թե՞ ԿԳ նախարարը...»
«Մենք դեմ չենք, որ հայ աշակերտների օտար լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի: Ընդհակառակը, մենք ասում ենք, որ այն մեթոդոլոգիան, որով այժմ առաջնորդվում են դպրոցները օտար լեզուներ դասավանդելիս, չի համապատասխանում դարի ոգուն: Դպրոցը ավարտած երեխան պետք է շատ լավ տիրապետի օտար լեզվին: Հիմնական խնդիրն այն է, որ կրթությունը հանրակրթական դպրոցներում պետք է լինի հայերեն»,- ասուլիսում այս մասին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության շարժման անդամ Արմեն Հովհաննիյանը:
Նշենք, որ այս նախաձեռնությունը ամեն օր բողոքի ակցիաներ է կազմակերպում:
«Մենք նախ ամեն ինչ անելու ենք, որ այս նախագիծը Ազգային ժողովում չընդունվի, բայց եթե ընդունվի էլ, ապա ամեն ինչ անելու ենք, որ նման դպրոցներ չբացվեն»,- ասաց նա` կրկին ընդգծելով, որ հանրակրթության լեզուն պետք է լինի հայերենը.
«Մենք դեմ ենք նաև նրան, որ ասում են 5-րդ դասարանից սկսած պետք է սկսեն օտար լեզվով կրթությունը: Այսինքն ինչ է ստացվում` Խնկո Ապորից հետո միանգամից անցնում են օտար լեզվով կրթության: Շարժման մասնակիցներից մեկն ասում է` անցյալը սովորեցնելու են հայերեն, իսկ ներկան ու ապագան` օտար լեզուներով»:
Նախաձեռնությանը միացած Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն ասաց, որ իրենք սկսեցին ղարաբաղյան պայքարը նրա համար, որ ցանկանում էին ռադիոն, հեռուսատեսությունը լսեն հայերեն, մշակույթը լինի հայերեն: Ըստ նրա, այս դեպքում նաև ազգային անվտանգությունը կարող է վտանգի տակ դրվել:
«Դպրոցը շատ կարևոր է, քանի որ հենց դպրոցից է սկսվում ճիշտ դաստիարակությունը: Եթե դպրոցում ճիշտ դաստիարակություն չստանաս, լավ զինվոր չես դառնա»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա նախաձեռնության մեկ այլ անդամ Արամ Ապատյանն ասաց, որ կիրակի տեղեկատական տեխնելոգիաների հետ կապված միջոցառման ժամանակ հանդիպել են վարչապետին, ու նրանից հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի այս նախագծի վերաբերյալ, որոնք են նման դպրոցների բացման դրդապատճառները:
«ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ սա իր նախաձեռնությունն է ու ոչ ոք իրեն չի պարտադրել: Վարչապետն ասում է, որ իրեն են մոտեցել տարբեր խմբեր` Ռուբեն Վարդանյանը` առաջարկելով Դիլիջանում բացել միջազգային դպրոց, և Թայլանդի ռեգենտների դպրոցի տնօրենը` առաջարկելով Հայաստանում նման դպրոց ստեղծել, քանի որ տարեկան 15 հայ աշակերտ է այնտեղ սովորում: Վարչապետը նրանց երկուսին էլ պատասխանել է, որ հետաքրքիր նախաձեռնություններ են, որի արդյունքում առաջացել են այս երկու օրինագծերը: Հիմա չգիտեմ` ով է ստում` վարչապե՞տը, թե՞ ԿԳ նախարարը, թե՞ երկուսը: Չգիտեմ»,- ասաց Ա. Ապատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան