«Ռահվա.իռ». Իսրայելի հատուկ ծառայությունները նկարահանում են Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները
Իրանական «Ռահվա.իռ» կայքը, հղում կատարելով արաբալեզու «Ալսիասաթ» օրաթերթին, նշում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները 10-16 հոգանոց խմբերով Թուրքիայի, Կասպից ծովի, Իրաքյան Քուրդիստանի և Աֆղանստանի կողմից մուտք են գործում իրանական տարածք և նկարահանում Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները:
Նշենք, որ Իրանի զինված ուժերը երկրի թե ցամաքյին, թե օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով տարեկան մի քանի անգամ անցկացնում են տարատեսակ զորավարժություններ:
Հիշեցնենք, որ ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության` ս.թ. հունիսի 3-ին Իրանի բանակի օդային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհսեն Դարեբաղին հայտնել էր, որ առաջիկայում Իրանի զինված ուժերը պատրաստվում են անցկացնել լայնածավալ օդային զորավարժություն:
Ըստ «ՄԵՀՐ» լրատվական գործակալության` Իրանի հյուսիսային սահմանների` մասնավորապես Կասպից ծովի իրանական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով Իրանի Գիլան և Մազանդարան նահանգների ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Սեյյեդ Մահմուդ Մուսավին ս.թ. ապրիլին տեղեկացրել էր, որ Կասպից ծովում հաջողությամբ գործարկվել է Իրանի բանակի ծովային ուժերի ռազմանավը:
Իսկ երկրի հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. ապրիլի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հարավում` Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում անցկացրեց եռօրյա զորավարժություն: