«Սուրբ տեղը դատարկ չի մնում». Հայաստանին ու Թուրքիային այժմ էլ փորձում է հաշտեցնել Ռուսաստա՞նը
Թուրքագետ Արտակ Շաքարյանը վստահ է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հիմնականում տնտեսական բնույթ ունեն: «Ռուսական ղեկավարության հետ հանդիպումների նորությունները հայտնվում են թուրքական մամուլի տնտեսական բաժնում: Սա շատ էական ցուցիչ է: Իրենք` թուրքերն են այդ հարաբերություններն ընկալում որպես ոչ թե ռազմավարական, քաղաքական, այլ` որպես տնտեսական», -այսօրվա ասուլիսում իր եզրահանգումը ներկայացրեց Շաքարյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը Թուրքիային սկսել է հետաքրքրել Միջերկրական ծովի ափին ատոմակայանի կառուցման համար, որը Թուրքիան փորձում է կառուցել արդեն 40 տարի:
«Կարծես թե այժմ իրանական հզորացող միջուկային ֆոնի վրա Թուրքիան ավելի հաստատակամ է ատոմակայանը գործարկելու հարցում, իսկ Ռուսաստանն էլ արդեն հասել է նախնական պայմանավորչավածությունների, որ ռուսներն առանց տենդերի շահելու են ատոմակայանը կառուցելու իրավունքը, բայց այն դեպքում, երբ ատոմակային գործարկման փաթեթի մեծ մասն անցնելու ռուսական կողմի ձեռքը», -հավելեց թուրքագետը:
Միաժամանակ, նրա խոսքով, այս հանդիպման ընթացքում ևս չի շրջանցվելու ղարաբաղյան հիմնախնդրի հարցը: Շաքարյանը հիշեցրեց Վլադիմիր Պուտինի նախապես արտահայտած դիրքորոշումը` թե հայ-թուրքական հաշտեցման հարցը և ղարաբաղյան հիմնահարցը միմյանց հետ կապ չունեն, այնուհետև հավելեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում, որ Թուրքիան չկարողանա շահարկել այդ երկու խնդիրները, դրանք փոխկապակցել»:
Շաքարյանի համար հստակ է` «Ամերիկյան միջնորդությամբ ֆուտբոլային դիվանագիտությունը ապրիլին անկում ապրեց, իսկ ռուսներն ասում են` «սուրբ տեղը դատարկ չի մնում», քանի որ ամերիկացիները փոքր ինչ հետ են քաշվել հայ-թուրքական հարաբերություններից, ռուսները փորձում են բնականաբար տեղը լցնել իրենց ակտիվությամբ»:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում մեկնարկել է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման հերթական ֆորումը, որի շրջանակներում էլ Պուտինն այժմ գտնվում է այնտեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին