Արմեն Արզումանյան. «ՀՀ նախագահը դրական է վերաբերվում միջազգային չափանիշներով դպրոց հիմնադրելուն»
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դրական է վերաբերվում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր կրթական հաստատություններ հիմնելու գաղափարին: Այս մասին հայտնել է նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը` պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին:
Նախագահի մամլո գրասենյակին մասնավորապես հարց է ուղղվել, թե ի՞նչ դիրքորոշում ունի հանրապետության ղեկավարն այս օրերին քննարկվող օրենսդրական փոփոխությունների` օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ:
Ի պատասխան Արմեն Արզումանյանը նախ պարզաբանել է. «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը», -ապա հավելել,- «Հայաստանի Հանրապետության Նախագահը դրան դրական է վերաբերվում»:
Խոսելով նախագահի դիրքորոշման հիմքերի մասին` Արմեն Արզումանյանը նշել է.
«Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է Հայաստանի Հանրապետության կառավարության քննության առարկա: Կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: Ցավում եմ, որ օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ և իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես է եկել «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ, որոնք ընդգրկվել են ԱԺ ընթացիկ քառօրյայի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան