Օտարալեզու դպրոցներ. «Մենք չենք կարող թույլ տալ, որ նման դպրոցների համար գումարը գնա հարկատուների գրպանից»
Երևի թե նման աժիոտաժ, ինչպես որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններն առաջ քաշեցին ու հասարակության անդորրը տակնուվրա արեցին, չէին ստեղծել անգամ հայ-թուրքական արձանագրությունները: Հիշեցնենք, որ ողջ աղմուկը հանրապետությունում օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ է:
Այսօր ԱԺ-ն վերջապես սկսեց քննարկել նախագծերը, հիմնական զեկուցողը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր: Ներկայացնելով հարցը` նա նշեց, որ շուրջ երկու ամիս ծավալված հասարակական լայն քննարկումները հանգեցրել են կառավարությանը լրամշակել դրանք և հաշվի առնել հատկապես այն դրույթները, որոնք առավել շատն են անհանգստացնում հասարակությանը.
«Մասնավորապես խոսքը վերաբերում է օտարալեզու դպրոցների քանակին, այն կրթական աստիճանին, որով հնարավոր է իրականացնել նմանատիպ կրթություն, հայոց լեզվի դասավանդման օրենսդրական երաշխիքին և համապատասխան տարածքային բաշխվածությանը»,- ելույթում ասաց Ա.Աշոտյանը:
Այսինքն, այս բոլոր դրույթները լրամշակված տարբերակում համապատասխան ձևակերպումներով արդեն իսկ ներառված են: Ըստ այդմ, հանրապետությունում գործելու է 15 օտարալեզու ուսուցմամբ դպրոց` 5-ական մեկ լեզվի համար, այդ դպրոցները պետական չեն լինելու, քանի որ.
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման դպրոցների համար գումարը գնա հարկատուների գրպանից»,- նշեց նախարարը:
Այսինքն` դպրոցները լինելու են բացառապես մասնավոր կամ միջկառավարական:
Ինչ վերաբերում է ուսուցմանը, ապա նախքան նախագծերի վերջնական քննարկումը, նախարարի կանխատեսումով, հնարավոր են բազմաթիվ փոփոխություններ, առավել ևս, որ հասարակական լայն արձագանքը ստիպեց դրանցում որոշ վտանգավոր դրույթներ տեսնել, այնպես որ դեռ դժվար է ասել, թե ո՞ր դասարանից կսկսվի օտարալեզու ուսուցումը: Կառավարությունը դեռևս հակված է կանգ առնել 7-րդ դասարանի վրա, այլ կերպ ասած` կրթական միջին աստիճանի վրա, որը ներառում է 5-9-րդ դասարանները .
«Միջազգային ծրագրերի մեծ մասը, որոնց համար նախատեսված է նման օրինագծի ընդունումը և անհրաժեշտությունը բխում է կոնկրետ միջազգային մի քանի դպրոց Հայաստանում ունենալու հրամայականից, դրանց ծրագիրը հստակ սկսվում է ինչ-որ մի դասարանից : Այնպես որ մենք պատրաստ ենք ընդհանուր քննարկումների արդյունքում ֆիքսել որևէ մի դասարան, սակայն որպես կանոն այդ ծրագիրը սկսվում է 7-րդ դասարանից»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը:
Նախարարն անդրադարձավ նաև նրան, որ ֆիքսված չէ աշակերտների թիվը, որոնք ուսուցանելու են օտարալեզու դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան