Երեք ամիս անց ժամկետանց դեղեր այլևս չկա՞ն. Մասնագետն ասում է, լինելու դեպքում էլ մեղավորը դեղատան վաճառողն է
Հայաստանում այսօր ժամկետանց դեղեր չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:
«Կարող եք հավատալ, որ այսօր Հայաստանում ժամկետանց դեղեր չկան: Այսօր և արտադրող, և ներմուծող ընկերությունները շատ ուշադիր են ու զգույշ: Նրանց շահերից չի բխում նման բան անելը, պատասխանատվությունն այստեղ շատ մեծ է»,-ասաց Զաքարյանը` ավելացնելով, որ սկանդալից բացի, դա նաև դատական գործի առարկա կդառնա:
Ըստ նրա, եթե սպառողը հայտնաբերել է, որ տվյալ դեղամիջոցը ժամկետանց է, ապա մեղավորը դեղատան կամ խանութի աշխատակիցն է, որտեղից ձեռք է բերվել այն: Ս. Զաքարյանն ասաց, որ դեղատներում իրենք երբեմն-երբեմն մոնիտորինգ են իրականացնում: Եթե այնուամենայնիվ հայտանաբերվեն ժամկետանց ու կեղծ դեղեր, ապա դրանք, օրենքի պահաջով, ենթակա են ոչնչացման հատուկ պայմաններում:
Ս. Զաքարյանն ասաց, որ տեղական արտադրողներն ավելի շահագրգռված են` շուկայում չլինեն կեղծ ու ժամկետանց դեղեր, քանի որ դրանից օգտվում են նաև նրանց ընտանիքի անդամները: Բացի այդ էլ, յուրաքանչյուր հայ սպառող կարող է վերցնել հեռախոսն, զանգել տեղական արտադրողին ու դժգոհություն հայտնել:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր և հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում:
Առանձին դեպքերում Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել:
Հետաքրքիր է, դեղարտադրողների և ներմուծողների միության անցկացրած ոչ հաճախակի մոնիտորինգներն ի զորու են բացահայտել նման դեպքեր: Բացառված չէ, որ նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձինք էլի կան:
Նախորդող հրապարակում`
ԱԱԾ-ն բացահայել է դեղերի կեղծմամբ զբաղվողների. Հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան