Նամակ թուրք ժողովրդին` զգուշացեք իսլամիզմից
Իրանցի հայտնի իրավապաշտպան, դոկտոր Արաշ Իրանդուստը նախօրեին հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Թուրքիայի ժողովրդին: Հայտնի գործիչը, ով տարիներ շարունակ պայքարում է իսլամական կրոնը կոռումպացված համակարգերին ծառայեցնելու դեմ, թուրքերին զգուշացրել է Էրդողանի կառավարության արկածախնդրության հետևանքների մասին:
Երեք տպագիր էջ կազմող նամակի բովանդակությանն ընթերցողներն անգլերենով կարող են ծանոթանալ այստեղ:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հատված դոկտոր Իրանդուստի նամակից:
Դիմելով թուրքերին` իրանցի իրավապաշտպանը արձանագրում է. «Այն բանից հետո, երբ դուք որոշեցիք Աթաթուրքի աշխարհիկությունը փոխել Էրդողանի իսլամիզմով, դուք միաժամանակ որոշեցիք, որ հրաժարվում եք ոչ մահմեդականների հետ խաղաղ համակեցությունից: Բայց դա ձեր գործն է` եթե ցանկանում եք թույլ տալ էժանագին կոստյումով մի հրեշի ավերել թուրքական ազգայնականությունը, որ դուք խոսեք գողացված երկրի մասին այն դեպքում, երբ ձեր ամբողջ երկիրը` Կիպրոսից մինչև Ստամբուլ, գողացված է, ձեր գործն է: Իսլամը ձեր գործն է: Բայց երբ այն ներթափանցում է ահաբեկչական կազմակերպությունների ոլորտ, որոնք հարձակվում, բռնաբարում ու սպանում են մեր կանանց ու քույրերին, դա արդեն նաև մեր գործն է: Եվ երբ երկիրը, որ հետապնդում է իր քուրդ, ասորի ու հայ քաղաքացիներին, իրանցի փախստականներին վերաբերվում է որպես երրորդ կարգի քաղաքացիների ու նրանց հանձնում է Իրանի իսլամական հանրապետությանը, և հետևողականորեն աշխատում է, որպեսզի խաղաղեցնի հանցավոր ռեժիմին (նկատի ունի ԻԻՀ-ին – Panorama.am), պետք է հիշի, որ մենք իր կեղծիքն ու սխալները չենք մոռանալու»:Անդրադառնալով վերջին իրադարձություններին` Արաշ Իրանդուստը նշում է.
«Դուք ասում եք, որ նավատորմի վրա հարձակման համար պետք է միջազգային քննություն տարվի՞: Իհարկե, բայց ճիշտ այն բանից հետո, երբ միջազգային հետաքննություն կտարվի Հայոց ցեղասպանության հարցով: Ես վստահ եմ, որ դուք` որպես մարդու իրավունքների պաշտպանության նորաթուխ «առաջամարտիկ», գտնում եք, որ արդարացի կլինի, որպեսզի Թուրքիան սեփական մաշկի վրա զգա այն ամենը, ինչ պահանջում է մյուսներից»:
Հայոց ցեղասպանության իրագործման համար պատասխանատվությունից խուսափող Թուրքիային իրանցի իրավապաշտպանը հիշեցրել է իարվունքների ոտնահարման մյուս դեպքերի մասին ևս. «Այնուհետև մենք կարող ենք անդրադառնալ ձեր բանտերում գտնվող 10 000 քաղբանտարկյալների խնդրին: Անկախ հետաքննությունը կարող է անդրադառնալ քաղաքական գործիչներին կտտանքների ենթարկելու և սպանելու փաստերին, ինչպես Էնգին Շեբերի դեպքում»:
Նամակում հեղինակը ուշադրություն է հրավիրում ակնհայտ իրողությունների վրա ու ցույց տալիս Թուրքիայի անհամարժեք պահվածքը.
«Իսրայելում արաբներն օրենքով ճանաչվել են որպես փոքրամասնություն: Արաբերենը դասավանդվում է դպրոցներում և օգտագործվում է որպես օրենքով ճանաչված լեզու: Մինչդեռ քրդական ինքնությունն արգելված է Թուրքիայում, իսկ իրանական ժառանգությունը իսլամիստ-գրոհայինների կողմից հարձակման է ենթարկվում: Քրդական անուները, ժողովրդական երգերն ու անգամ քրդերենը ռեպրեսիաների հիմք են դարձել: Ձեր ռեժիմը փաստացի դատական հետապնդում է իրականացնում և պաշտոնյաներին պաշտոնանկ է անում՝ քրդերենով ողջունելու համար: Դուք խոսում եք «պաղեստինցի երեխաների» մասին, գուցե մենք էլ խոսեինք քարեր նետելու համար ձերբակալված քուրդ երեխաների մասին, որոնց դուք ձերբակալել եք ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով»:
Անդրադառնալով Թուրքիայի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններին` դոկտոր Իրանդուստը հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան ամբողջությամբ գտնվում է այլոց պատմական հողերի վրա. «Դուք խոսում եք բռնազավթված հողերի մասին այն դեպքում, երբ ձեր ողջ երկիրն է բռնազավթված` Կիպրոսից մինչև Ստամբուլ: Ձեր ռեժիմը ապօրինի ռասիստական էություն է` հիմնված հայերի, քրդերի, ասորիների, իրանցիների ու շատ շատերի բռնի տեղահանման վրա: Դուք անցել եք իմպերիալիզմի, ֆաշիզմի ու իսլամիզմի միջով, որոնք կասկածելի ձեռքբերումներ են ցանկացած երկրի համար: Ձեր պատմությունը լի է ստրկության կիրառմամբ, էթնիկական զտումների, ցեղասպանությունների ու բռնազավթումների իրականացմամբ: Եվ այդ ամենը` միայն անցած մեկ դարում»: Թուրքերին իրանցի իրավապաշտպանը լավ խորհուրդ է տվել. «Եթե դուք ողջամտություն կամ ամոթ ունենայիք, փոխանակ իրանցիներին ու իսրայելցիներին մեղադրելու (որոնք ձեզանից հազարամյակներով ավելի պատմություն ունեն), փոս կփորեիք, կպառկեիք այնտեղ` հուսալով, որ ոչ ոք ձեր ներկայությամբ չի արտաբերի «փոքրամասնությունների իրավունք» կամ «տարածքային իրավունքներ» բառակապակցությունները»:
Անդրադառնալով նավատորմի հետ կապված պատմությանը` դոկտոր Իրանդուստը ուշադրություն է հրավիրում որոշ փաստերի վրա ու հեգնում. «Վերադառնանք ձեր թանկագին իսլամական նավատորմին` զարդարված թուրքական դրոշներով, որոնք ոչ այլ ինչ են, քան Սաուդյան դրոշի կարմիր տարբերակը: Այդ նավը դուք լցրել էիք «Մահմեդական եղբայրներ»-ի անդամներով ու Գազայի հետ կապված իսլամիստ արմատականներով: Խնդրեմ` ձեր անսահամանափակ ազատություններով երկրում լրագրողը դատապարտվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդի հետ հարցազրույց անելու համար: Դուք 6 ամսվա ազատազրկման դատապարտեցիք Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդին «պարոն Օջալան», այլ ոչ ուղղակի` «Օջալան» ասելու համար: Այս ամենից հետո դուք դեռ լկտիություն ունեք «բարկանալո՞ւ», որ Իսրայելը քաղաքական ահաբեկիչներով լի նավը գրավել է»:
Իր նամակի հաջորդ հատվածը Արաշ Իրանդուստը վերնագրել է այսպես. «Դուք արդեն տասնվեց տարի շրջափակում եք Հայաստանը»:
«Դե, իհարկե, մենք գիտենք, թե դուք որքան շատ եք մտածում շրջափակման մասին: Հենց դուք եք, որ արդեն տասնվեց տարի շրջափակել եք Հայաստանը»,- հիշեցրել է նամակագիրն ու զգուշացրել այդ պահվածքի հետևանքների մասին. «Եթե դուք պնդում եք, որ ՀԱՄԱՍ-ին օգնելու համար թուրքական դրոշի ներքո լողացող նավ պետք է ուղարկեք, գուցե Իսրայելն էլ կարող է իր դրոշի ներքո թռչող օդանավերով տանկեր հասցնել ՔԲԿ-ին: Կամ գուցե Իսրայելը Գազային ուղարկված յուրաքանչյուր թուրքական նավի դիմաց հանգանակություններ անի ՔԲԿ-ին»:
Հեղինակը հիշեցրել է նաև Կիպրոսի հիմնախնդրի մասին, խոսել Թուրքիայի ոչ վաղ անցյալում կրած ռազմական պարտություններից ու զգուշացրել, որ իսլամիստական ռեժիմով Թուրքիան աջակցություն կարող է ստանալ միայն Սաուդյան Արաբիայից, որն ինքն է սեփական անվտանգություն ըպահում ամերիկյան ծովային հետևակների օգնությամբ: Հեղինակը զգուշացնում է, որ կայսրությունը վերականգնելու և իսլամական խալիֆայություն ստեղծելու հավակնությունները, նեոօսմանիզմի քաղաքականությունն ի վերջո լցենլու են առաջատար երկրների` Ռուսաստանի, Միասնական Եվրոպայի ու ԱՄՆ-ի համբերության բաժակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները