Ո՞վ է ավելի վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար` Մանվել Բադեյա՞նը, թե՞ Նաիրի Հունանյանը
Ազգային ժողովի գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը ռուսական կրթություն ունի և ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարեց, օտար լեզվով կրթությունն իր լեզվամտածողության վրա չի ազդել, ու ավելին, վտանգավոր չի եղել իր ազգային արժեքների պահպանման համար: Նա նույնիսկ համեմատություն անցկացրեց իր և…Նաիրի Հունանյանի («Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված-հեղ.) միջև:
«Նաիրի Հունանյանն էլ հայկական կրթություն է ստացել ու ավարտել հայկական բանասիրության ֆակուլտետը, բանասեր է, դե հիմա հասկացեք` ո՞վ է վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար` ե՞ս, թե՞ Նաիրի Հունանյանը», -հայտարարեց գործարար պատգամավորը:
Նա կողմ է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների մասին նախագծերին, քանի որ նրա խոսքով, երկրում կապահովվի միջազգային, եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն:
Ասուլիսում նրա ընդդիմախոս, ԱԺ դաշնակցություն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հայտնեց իր մտավախությունը` օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների հիմնումը և օտարալեզու կրթությունը վտանգ է հասցնելու լեզվամտածողությանը:
«Որևէ բան չի խանգարում լեզվամտածողությանը, եթե դու տիրապետում ես մի քանի լեզվի. դու ծնվում ես, սկսում ես խոսել հայերեն, և ոչ մի վատ բան չկա, որ օրինակ 7-րդ դասարանից էլ կարողանաս սկսել խոսել այլ լեզուներով ևս», -ընդդիմացավ Բադեյանը:
Բադեյանը նաև ասաց, որ պետք չէ տեղում դոփել, պետք է առաջ գնալ, զարգացնել կրթական համակարգը: «Կրթական համակարգում կոռումպացված վիճակ է, կրթական համակարգը համապետական ընտրությունների ժամանակ ներքաշվում է ընտրական պրոցեսի մեջ…այդ և մյուս այլ խնդիրները վերացրեք, ոչ թե օտար լեզվով ուսուցում ներդրեք», -ի պատասխան նկատեց Լիլիթ Գալստյանը:
Հիշեցնենք` սրանք այն օրինագծերն են, որոնցով նախատեսվում է Հայաստանում բացել ընդհանուր առմամբ 15 օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ: Դրանցում, ինչպես վստահեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայագիտական առարկաները դասավանդվելու են հայերենով: Ընդդեմ նման դպրոցների բացման հասարակական լայն շերտեր բողոքի մեծ ալիք են բարձրացրել ընդհուպ խորհրդարանի դիմաց ցույցեր կազմակերպելով, ինչպես նաև` սոցիալական ցանցերում:
Հ. Գ. Բադեյանն ասուլիսի ընթացքում 5 րոպեն մեկ ծխում էր: Լրագրողներից մեկը խնդրեց չծխել և նկատեց, որ եվրոպական չափանիշներին համապատասխան սահմանափակ ու մարդկացով լի տարածքներում չեն ծխում: Դիտարկմանն ի պատասխան Բադեյանն ընդունեց իր մեղքը և ասաց, որ չի տիրապետում այդ կանոններին:
Նախորդող նորություն` Օտարալեզու դպրոցներ հիմնելու մասին օրինագծերը ԱԺ-ն կընդունի այն տեսքով, ինչպես ներկայացված են. ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան