Էրդողանը բացատրություն է տվել Օբամային, թե ինչու է ՄԱԿ-ի ԱԽ-ում Թուրքիան «ոչ» քվեարկել
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող թվով չորրորդ բանաձևը: Միացյալ Նահանգների պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Վիլյամ Բուրնսը հայտարարել է, ԱՄՆ-ն խոր հիասթափություն է ապրել այն բանից, որ Թուրքիան դեմ է քվեարկել բանաձևին:
Ըստ թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվականի` հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Բուրնսին հարցրել են, թե դա ինչ ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ամերիկացի պաշտոնյան հակիրճ պատասխանել է` դեռ կտեսնենք:
«Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթն էլ հայտնում է, որ նախքան նշված քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում դիվանագիտական պատերազմ է տեղի ունեցել: Աղբյուրի համաձայն` Թուրքիան ստացել է երեք նամակ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, որոնք կոչված են եղել համապատասխան ենթահող նախապատրաստել Թուրքիայի դրական քվեարկության համար: Նամակները քննարկվել են Թուրքիայի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի կողմից:
Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.
«Ինչպես երևում է, երեք երկրներում էլ պատժամիջոցների հարցում վճռականություն կա: Թուրքիան, վկայակոչելով Թեհրանի համաձայնագրում տեղ գտած սկզբունքները և Իրանին տված խոստումը, ՄԱԿ-ում կայանալիք քվեարկությանը որոշել է դեմ «ոչ» քվեն օգտագործել»:
Թերթը նշում է նաև, որ Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և վերջինիս բացատրել, թե ինչու է Անկարան վճռել «ոչ» ասել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևին:
«Մենք չենք ասի` այո: Թեհրանում կնքված համաձայնագրի տակ մեր դրած ստորագրությունը Իրանին տրված մի երաշխիք էր: Եթե համաձայնագիրն ուժի մեջ չմտնի, մեզ ուղարկվելիք ուրանը մենք պատրաստ ենք նույնիսկ հետ վերադարձնել: Թող սա չընկալվի իբրև ընդվզում Արևմուտքի դեմ: Ոչ ասելով` մենք նպատակ ունենք Իրանին պահել սեղանի շուրջ, դիվանագիտական շանս տալ նրան: Եթե Իրանը մնա բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային հանրության հետ համատեղ աշխատի, ապա ակնկալելի է, որ պատժամիջոցները կամաց-կամաց կհանվեն»,- ասել է Էրդողանը:
Տեղեկացվում է նաև, որ վերջին պահին` քվերակության մեկնարկից առաջ, Էրդողանը և Դավութօղլուն աշխատել են ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Էրթուղրուլ Ափաքանի ելույթի տեքստի վրա: Որոշ հատվածներում Էրդողանը նույնիսկ գրիչով ուղղումներ է արել, ապա այդ տեքստը ֆաքսով ուղարկել Նյու Յորք: Այնուհետև Էրդողանը նորից է զանգահարել Օբամային և հավաստիացրել. «Մենք «ոչ» ենք ասելու, բայց դա թող չընկալվի, թե մենք ԱՄՆ-ի դեմ ենք: Աֆղանստանում, էներգետիկ հարցերում և Մերձավոր Արևելքում համատեղ մեր աշխատանքները շարունակվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ