«Թեստերը մատչելի չեն. աշակերտուհու ինքնասպանության դեպքը` ահազանգ»
Այսօր քննությունների հետևանքով առաջացած սթրեսների, քննական թեստերի մասին լրագրողների հետ խոսեցին հոգեբան Կարինե Նալչաջյանն ու «Այգ» հոգեբանական կենտրոնի փորձագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Վերջինս գտնում է, որ միասնական համակարգով քննությունների թեստերի կազման ժամանակ ոչ մի սկզբունք պահպանված չէ: Իր այսպիսի դիրքորոշումը հոգեբանը ամրագրեց նրանով, որ թեստերը պետք է կազմված լինեն ոչ միայն գիտական հիմնավորումներով, այլ նաև` հոգեբանական, ու այդ սկզբունքը չի պահպանվում:
Բացի այդ, նա նաև նկատեց, որ թեսթերը մատչելի չեն աշակերտների համար ու հավելեց, որ դրանց մեղքի բաժինն այնքան էլ չի ընկնում կրթության ու գիտության նախարարության վրա:
«Թեստերը գիտական հիմքերով կառուցված չեն, և նրանց կազմման աշխատանքներին չեն մասնակցել ոչ մանկավարժներ, ոչ հոգեբաններ, անգամ` մակագիրներ: Բացի այդ, թեստերը պետք է անցնեն փորձաքննություն այնտեղ, որտեղ կազմվել են, որպեսզի դրանց սխալներն ու անճշտությունները հղկվեն»,-ասաց Ռ. Պողոսյանը:
Ըստ նրա, թեստերն անպայման պետք է համապատասխանեն կրթական ծրագրերին: Ասուլիսի մյուս բանախոսը` Կ. Նալչաջյանն, իր հերթին նկատեց, որ թեստերի բովանդակությանն այնքան էլ ծանոթ չէ, սակայն նկատեց, որ օրինակներից ելնելով, կարելի է եզրակացնել, որ դրանք բարդ են երեխաների համար:
Հոգեբանը նշեց, որ հարկավոր չէ դիմորդին դիտարկել որպես «հակառակորդ» ու փորձել այնպես անել, որ նա չկարողանա հաջողության հասնել, կամ հարկավոր չէ դիմորդի, աշակերտի առաջ քննությունը դարձնել մեծ փորձություն ու ավելորդ լարվածություն ստեղծել նրա համար:
Վերջում Ռ. Պողոսյանը նշեց, որ քննական թեստերում կան հարցեր, որոնք ընդհանրապես ծրագրով նախատեսված չեն: Ի դեպ, նրա կարծիքով, Երևանի թիվ 12 դպրոցի շրջանավարտ Գոհար Մարտիրոսյանի ինքնասպանության դեպքն այդ խնդրի լրջագույն ահազանգն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան