ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է քաղցկեղի դեմ պայքարին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, դարի մարտահրավեր է համարում քաղցկեղի դեմ պայքարը` պատրաստակամ աջակցություն ցուցաբերելով ՈՒԱԿ-ի հետ համագործակցության հարցում, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Կենտրոնն ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 68 250 000 ՀՀ դրամ:
«Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք: Կարեկցանքից և բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր: Քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալները մտահոգիչ են. հիվանդությունը տարածվում է: Անհրաժեշտ են հիվանդության վաղ ախշտորոշում և կանխարգելում, և մենք պատրաստակամ ենք աջակցելու այս հարցում»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ հաջող համագործակցության արդյունքում ՈՒԱԿ-ը և Ուռուցքաբանության ազգային զարգացման հիմնադրամը ձգտում են համատեղել գործադրվող ջանքերը` միջազգային չափանիշներին համապատասխան ծառայության մատուցման ուղղությամբ: ՈՒԱԿ-ը համալրվել է ժամանակակից այնպիսի սարքավորումներով, որոնք թույլ կտան անցկացնել ախտորոշիչ լուրջ հետազոտություններ, ստացված արդյունքները կուտակել թվայնացված տարբերակով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խորհրդակցական կապ ապահովել արտերկրի կլինիկաների հետ:
Սարքավորումների թվում ֆոտոդինամիկ ախտորոշիչը դեռևս եզակի է Հայաստանում: Բուժզննման այլ եղանակով միզապարկի նոր զարգացող ուռուցքներ հայտնաբերել հնարավոր չէ:
«Մենք առաջադեմ, տաղանդավոր երկիր ենք և գիտակցում ենք, թե որքան կարևոր է առողջապահական բուժհիմնարկները զինել այնպիսի սարքավորումներով, որոնք բժիշկներին թույլ կտան օգնել մեր հարազատներին»,-ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը: Ոչ մեծ չափերի շնորհիվ հնարավոր է դառնում սարքերի մարզեր տեղափոխելը և տեղում ախտորոշման կազմակերպումը:
Մասնագետները զգալի տեղաշարժ են ակնկալում նաև թոքերի, կոկորդի, ստամոքսի, միզուղիների, երիկամների և այլ օրգանների չարորակ նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերման և բուժման գործում: Հատկանշական է, որ սարքավորումներից մեկը, օժտված լինելով գերձայնային դանակով, թույլ է տալիս զգալիորեն կրճատել վիրահատության տևողությունը, նվազագույնի հասցնել ընթացքում արյան կորուստը, կարճ ժամկետում ապահովել հետվիրահատական ապաքինման գործընթացը և գրեթե կանխարգելել հետվիրահատական բարդությունները:
ՈւԱԿ-ի վարչական խորհրդի որոշմամբ Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց ՈւԱԿ-ի «Մեծ բարեկամ»-ի պատվավոր կոչում` առողջապահության և բժշկագիտության, մասնավորապես` ուռուցքաբանության ասպարեզում զգալի ավանդի ներդրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում