
Իսրայելական նավատորմիղի այցը Կիպրոս հետաձգվել է
Դեպի Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավի դեմ իրականացրած իսրայելցիների ռազմական օպերացիան կոշտ հակազդեցություն առաջացրեց Թուրքիայում: Անկարայի ցուցաբերած վերաբերմունքին ի պատասխան իսրայելցիները ծրագրել էին մինչև այս շաբաթվա վերջ նավախումբ ուղարկել Կիպրոս: Սակայն այդ նավարկությունը հետաձգվել է հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը:
Իսրայելցի կամավորներից կազմված այդ տորմիղը Կիպրոս կուղևորվի եկող շաբաթ`նպատակ ունենալով ուշադրություն բևեռել Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու մի մասի բռնազավթման փաստի վրա: Ի դեպ` այդ օրերին Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համատեղ անցկացնելու են որոնողափրկարարական վարժանքներ: Նշվում է, որ նույն այդ կամավորների տորմիղը ծրագրել է ուղևորվել նաև դեպի Թուրքիա` բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: