Սեկագյային ընդունել է փոխարտգործնախարար Կիրակոսյանը
Այսօր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հատուկ զեկուցողը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա:
Նման հրավեր ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցել են հիմնականում Արևմտյան Եվրոպայի երկրները: ԱՊՀ երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը և Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել և գործում են 39 հատուկ զեկուցողներ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրին` պարոն Կիրակոսյանը ներկայացնելով Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, ընդգծեց կառույցի անկախ գործելու կարևորությունը: Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել և գործում են 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Զրուցակիցները քննարկեցին նաև մայիսին Հայաստանի կողմից ներկայացված համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդյունքները: Նշվեց, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից հետո: Ստանձնված պարտավորությունները կներկայացվեն ՀՀ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում կայանալիք հանդիպումների ու այցելությունների արդյունքում կրկին հանդիպել` դիտարկումները համատեղ քննարկելու եւ նկատառումները ներկայացնելու համար: