Կահավորվել է 5 դասասենյակ
Հունիսի 12-ին Ֆրանսիայի Ռոն շրջանի Ազգային ժողովի պատգամավոր Պասկալ Կրոզոն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոց: Այս մասին տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Այցի նպատակն էր տեղում տեսնել այն կահավորված 5 դասասենյակները, որոնք կահավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով և տիկին Կրոզոնի հովանավորությամբ (10 000 Եվրո):
Աշակերտների թվին համապատասխան` դասասենյակներին հատկացվել է 180 աշակերտական աթոռ, 90 սեղան, մեկական ուսուցչական սեղան, աթոռ, գրապահարան, գրատախտակ և կախիչ:
Աշակերտներն ու ուսուցիչները խանդավառությամբ ընդունել են բարձրաստիճան հյուրին, ում պատվին դպրոցականները ներկայացրլ են ֆրանսերեն լեզվով բեմադրած և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված ներկայացումը:
«Հայ համայնքը մեծապես ներգրավված է Ռոն շրջանի քաղաքական և մշակութային կյանքում: Օրինակ` Վիլորբան քաղաքում գործում է հայ մշակույթի տուն, իսկ մի քանի տարի առաջ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցվեց խաչքար: Հայաստանն էլ ես ճանաչեցի ու սիրեցի իմ բազմաթիվ հայ ընկերների շնորհիվ» ,- հանդիպմանը նշել է տիկին Կրոզեն:
Դպրոցի տնօրեն Վարդան Պետրոսյանն իր շնորհակալական խոսքում հայտնել է, որ երեխաները մեծ խնամքով են վերաբերվում նոր կահույքին: Տնօրենը հույս է հայտնել, որ կահավորման ծրագրին կհաջորդի համակարգչային նոր դասասենյակի հիմնումը:
«Մարդասիրական օգնության շրջանակներում մենք ձգտում ենք մասնավորապես բարելավել երեխաների և գյուղական բնակիչների կյանքը»,- Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի դիրքորոշումն է ներկայացնում ատենապետ Պետրոս Թերզյանը: