Կրթության նախարարի հրամանը տնօրենները չեն կատարում. Ի՞նչ է սպասվում նրանց
Գնահատման և թեստավորման կենտրոնում հայտ ներկայացրած 39 դիմորդ կանգնել է փաստի առաջ. նրանց արգելվելու է միասնական քննություն հանձնել, իսկ թե որերորդ դասարանում կշարունակեն սովորել` կորոշվի հետագայում: Նրանք այն դիմորդներն են, ովքեր էքստեռն փոխադրման միջոցով 10-րդ դասարանից հայտնվել են 11-րդ դասարանում: Եվ սա այն դեպքում, երբ կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 949-Ն հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը:
Այսօրվա ասուլիսում Կրթության տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ դրանք այն երեխաներն են, ովքեր նախարարի հրամանի խախտումով են հայտնվել ավարտական դասարանում: «Ուսումնասիրությունները շարունակվելու են մինչև միջնակարգ կրթության ատեստատների հանձնումը և չի բացառվում, որ այս երեխաների թիվը ավելի մեծանա», -հավելեց Արշակյանը:
Կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած հիմնարկը պարզելու համար, թե նախարարի այդ հրամանն իրականացվում է, թե ոչ, ուսումնասիրություններ է կատարել հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-11-րդ դասարաններում: Ուսումնասիրության նախնական տվյալների համաձայն, շուրջ 3500 աշակերտ 2009-2010 թվականների ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ և 11-րդ դասարաններում:
Ի դեպ, Մուրադյանն ասաց, որ այս 39 աշակերտները իրենց ուսումանասիրության ժամանակ դպրոցներում չեն ուսանել, հետևաբար աշակերտ չեն եղել:
«Մենք փնտրում ենք նրանց ամենուր, որպեսզի գտնենք, ոչ թե պարտադրենք սովորել, ոչ, դա պարտադիր չէ, այլ ուղղակի տեսնենք, հասկանանք` դուրս եկած աշակերտն ուր է», -բացատրեց Մուրադյանը:
Նրա խոսքով, ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում դեռ չի իրականացվել, բայց այս պահի դրությամբ դատախազություն է ուղարկվել դպրոցներում խախտումներ արձանագրած դեպքերի վերաբերյալ 53 գործ: «Դատախազությունը կքննի և կպարզի, թե ովքեր են մեղավորները», -հավելեց Մուրադյանը:
Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ խախտում արած 39 դեպքի մասով կլինե՞ն տնօրեններ, ովքեր կհեռացվեն աշխատանքից, Մուրադյանը պատասխանեց. «Անպայման կլինեն, որ աշխատանքից կհեռացվեն, բայց այսօր եկեք անուններ չհնչեցնենք, ճիշտ չի լինի»:
Մյուս հարցին, թե ինչու են տնօրեններն այդքան համարձակ և նախարարի հրամանի գոյության պարագայում խոշոր գումարներ վերցնում ու փաստորեն, կարգը խախտում, Կրթության պետական տեսչության պետը հստակ պատասխան չտվեց, այլ ասաց. «Դրա համար էլ կա կրթության պետական տեսչություն և մենք փորձում ենք այդ օղակը լինել: Գիտեք` ժամանակի ընթացքում նախարարների տարբեր հրամաններ շրջանցվել են, բայց երբ լինեում ենք հետևողական դրանց կատարման հարցում, նրանք հասկանում են, որ չի կարելի շրջանցել»:
Ի՞նչ է սպասվում այս 39 աշակերտներին: Մուրադյանն ասաց, որ հետո կորոշվի` ով որերորդ դասարանում է շարունակելու ուսումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան