«Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետել Գյուլին». այս խոսքերի համար դատապարտված խմբագիրն արդարացվել է
Թուրքական «Գերչեք Գյունդեմ» (Gerçek Gündem) լրատվական կայքի գլխավոր խմբագիր Բարըշ Յարքադաշին մեղադրանք էր առաջադրվել իր կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին քննադատող նյութ հրապարակելու համար: Դատարանի վճռով Յարքադաշը դատապարտվել էր 5 տարի 4 ամիս ազատազրկման: Հիշյալ կայքը հրապարակելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելությներից մեկը էջ էր հատկացրել նաև «Türkeli27» կեղծանունով մի ընթերցողի գրառած քննադատական մեկնաբանության համար:
Վերջինս իր նյութում նշել էր, թե Սերժ Սարգսյանի ասածը` «եթե սահմանը բացվի Թուրքիա կմեկնեմ, եթե չբացվի` ոչ» , մարտահրավեր է Աբդուլլահ Գյուլին: Իր մեկնաբանությունը կայքում զետեղած այդ ընթերցողը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքայի նախագահի գործունեությունը:
Հրապարակումից անմիջապես հետո հանրապետական դատախազությունը դատական հայցով դիմում է Արդարադատության նախարարություն: Որոնողական աշխատանքներ են տարվում այդ նյութի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է, որ վերջինս գտնվում է Դանիայում և այնտեղից է ինտերնետային կայքում թողել էր մեկնաբանությունը: Այլևս հնարավոր չէր քրեական պատասխանատվության ենթարկել «Türkeli27 » կեղծանունով ընթերցողին: Այնուհետև դատ բացվեց Յարքադաշի դեմ` «Հանրապետության նախագահին մամուլով վարկաբեկելու» մեղադրանքով:
Քադըքոյի հանրապետական դատախազ Դուրսուն Յըլմազը պահանջեց Յարքադաշին մեղադրել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299/1, 299/2, 3 ve 53-րդ հոդվածի հատկանիշներով: Մինչդեռ մեղադրյալը Յարքադաշը պնդում էր, որ հրապարակված նյութում հանցանքի տարրեր չկան, եթե նույնիսկ կան էլ, ապա դրանց հեղինակն ինքը չէ: Ի վերջո, դատարանը լսելով կողմերին համարել է, որ այդ քննադատությունը չափի շրջանակներում է: Պահանջվել է արդարացման վճիռ կայացնել Յարքադաշի նկատամամբ, ինչին և դատարանը դրական է արձագանքել: