ԱԳՆ. Պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ առանց նախապայմանների
«Մենք հուսով ենք, որ գործընթացը ոչ թե վերջնականապես տապալված է, այլ առկախված: Ինչպես ասվել է շատ պարզ` մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կրկին կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ և կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների»,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր մերձեցման մասին, ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը շեշտել է, որ Հայաստանի մոտեցումն ամբողջովին համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը` համաձայնագրերի վավերացումը և իրականացումը պետք է տեղի ունենան առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Հենց այս փոխըմբռնմամբ մենք սկսել և վարել ենք այս գործընթացը և հանգել համաձայնությունների: «Եվ բնականաբար, արձանագրություններում ևս նախապայմաններ չկան»,-ընդգծել է նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանն է արգելափակում մերձեցումը, նախարարն ասել է, Թուրքիան փորձում է անհիմն պատճառներ գտնել գործընթացը ձգձգելու համար:
«Ե՞րբ է Հայաստանը արգելափակել կարգավորումը: Ոչ ոք չի կարող նման բան ասել: Կարգավորման գործընթացում Հայաստանի բոլոր քայլերն արժանացել են միջազգային հանրության հավանությանը: Նույնիսկ վավերացման գործընթացի առկախման որոշումը ըմբռնումով է ընկալվել և ողջունվել է»,-ի պատասխան հայտարարել է Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Թուրքիայի հետ բանակցությունների կասեցման ամենակարևոր պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, ապա արտգործնախարարն ասել է. «Գործընթացի կասեցման հիմնական և միակ պատճառը Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումն այլ հարցերի հետ կապելու փորձի վերսկսումն է»:
Նա հիշեցրել է, որ ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից և միջնորդ երկրները, ամբողջ միջազգային հանրությունը հրապարակավ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը կապ չունի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Եվ դրանք կապակցելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան