ԿԳ նախարար.«Դրական գնահատական ստացած դիմորդները հնարավորություն կունենան ընդունվելու որևէ պետական բուհ»
Այսօր մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Քննությանը մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոն /ԳԹԿ/ դիմում հայտ էր ներկայացրել 9290 դիմորդ:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քննության ընթացքին հետևելու համար այցելել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոն:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով, «Մաթեմատիկա» առարկայի թեստերը այդքան էլ բարդ չեն, նույնիսկ անցած տարվա համեմատ ավելի հեշտ են: «Դրական գնահատկանի շեմը հաղթահարելը հեշտ է, սակայն գնալով վարժություններն ավելի բարդանում են: Թեստերում ամբողջությամբ ներառված են դպրոցական ծրագրերը»,- հավելեց նա:
Ա. Աշոտյանը նշեց, որ այս տարվանից, չնայած, ԿԳ նախարարության լիազորությունը չէ անցկացնել միասնական քննությունները, սակայն նախարարությունն իր հետաքրքրությունը միասնական քննությունների ընթացակարգի նկատմամբ պահպանում է, քանի որ գնահատում են մեր դպրոցների աշխատանքի արդյունքը: «Նախարարությունը շահագրգռված է, որ քննությունները օբյեկտիվ անցնեն և չլինեն որևէ խոչընդոտներ»,- հավելեց նա: Նրա խոսքով, եթե նույնիսկ թեստերը բարդ են, ապա դրանք բարդ են բոլորի համար, քննությունների պայմանները դժվար են բոլորի համար:
Ա. Աշոտյանի խոսքով, դիմորդների թիվը 2500-ով քիչ է, քան բուհերում հատկացված տեղերի թիվը, սակայն այսօր քննությունների ընթացքում ծնողների կողմից խառնաշփոթ է ստեղծվել: «Այս տարի դիմորդների թիվը մոտ 18 հազար է, իսկ պետական բուհերում հատկացված տեղերի թիվը 20500 է: Բոլոր այն դիմորդները, ովքեր կստանան դրական գնահատական, նրանք ունեն հնարավորություն ընդունվելու նախապես հայտագրված որևէ պետական բուհ: Սա բացառիկ տարի է, երբ բուհերում հատկացված տեղերի քանակն ավելի մեծ է, քան դիմորդների թիվը»,- ասաց նա:
ԿԳ նախարարը նաև հայտնեց, որ հուլիսի երկրորդ կեսին կկազմվի հանրապետական մրցութային հանձնաժողով, որը կամփոփի ԳԹԿ-ի կողմից անցկացրած քննությունների արդյունքները, կկատարի վերաբաշխում համապատասխան թափուր տեղերի միջև, լրացուցիչ տեղերի բաշխում կկատարի այն մասնագիտությունների գծով, որտեղ մրցույթը մեծ է, ինչպես նաև այն կապահովի արտոնյալ համակարգով ընդունելությունների մեխանիզմը` բանակից զորացրվածների համար, սոցիալապես խոցելի խավերի համար: