Պաշտպանի նամակը Աշոտյանին. Ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մոտ մի քանի հարց է առաջացրել վերջին օրերին այն 39 դիմորդների հետ կատարվածը, և նա նամակ է գրել կրթության նախարար Արմեն Աշոտյանին: Հիշեցնենք, որ դրանք այն դիմորդներն են, ովքեր դպրոցն ավարտել են էքստեռն (թռիչքային) փոխադրման միջոցով այն պարագայում, երբ ԿԳՆ հրամանով էքստեռն փոխադրումը արգելվել է:
«Չանդրադառնալով էքստեռն քննություն հանձնելու հնարավորության իրավական կողմին` այնուամենայնիվ, մեզ մոտ առաջացել են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մասնավորապես.
1.արդյոք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացնելու` համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում
2.դպրոցն ավարտելու համար ո՞ր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները,
3.ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները /ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգով են տեղյակ պահել այդ մասին/
4.39 աշակերտների էքստեռն փոխադրման քննությունները տեղի են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.11.2009 թվականի N 949-Ն հրամանից հետո, թե` ոչ,
5.եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում
6. արդյոք 39 աշակերտների էքսեռն փոխադրումը տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 29.01.2007 թվականի N 39-Ն հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 6-րդ կետի համաձայն, ըստ որի` 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով: Մանկավաժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ: Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն` փոխադրական քննություններ հանձնելու համար: Քննություններ անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված
հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
7. ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետևանքով տուժեն աշակերտները, որոնք որևէ իրավական ակտ չեն խախտել:
Նկատի ունենալով, որ նամակում բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, ինչպես նաև այն, որ դեռևս կան հնարավորություններ 39 դիմորդներին թույլատրելու մասնակցել ընդունելության քննություններին, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ քննարկել վերոգրյալը և արդյունքների մասին տեղեկացնել ինձ` հնարավորինս սեղմ ժամկետում», -ասված է Պաշտպանի` Աշոտյանին ուղղված նամակում:
Նախորդող նորություն` Կրթության նախարարի հրամանը տնօրենները չեն կատարում. Ի՞նչ է սպասվում նրանց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան