«Այսօր դասագրքերի մեծամասնությունը շարադրված է ակադեմիական, գիտական ոճով»
«Առաջիկայում մենք մտադիր ենք համապատասխան չափորոշիչների միջոցով բարձրացնել դասագրքերի որակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն, «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:
«Կարծում եմ` 2-3 տարվա ընթացքում դասագրքերը կարող ենք հասցնել այն մակարդակի, որ գոհ լինեն և’ մասնագետները, և’ հասարակությունը, և’ երեխաները»,- ասաց նա: Նրա խոսքերով, դասագրքերի որակի բարձրացման համար «Տաթև» գիտակրթական համալիրն այժմ մշակում է չափորոշիչներ, որոնց համաձայն պետք է ստեղծվեն դասագրքերը: «Բացի այդ դասագրքերի հեղինակները պետք է վերապատրաստվեն, քանի որ նրանց ոճը, հիմնականում, ակադեմիական է, սակայն այն պետք է փոխել և դարձնել դասագրքային»,- ասաց նա:
Նա նշեց, որ երբ ստեղծվեն դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ չափորոշիչները, կսկսեն դասագրքերի հեղինակների հետ կազմակերպել սեմինարներ: «Մեկ այլ հարց է մինչև դասագիրքը ստեղծելը ունենալ համապատասխան չափանիշներ, որոնց համաձայն պետք է ստեղծվի դասագիրքը, այլ հարց է, երբ ստեղծում են դասագիրքը, նոր մտածքւմ` արդյոք այն համապատասխանու՞մ է այս կամ այն չափանիշին: Մեր հիմնական նպատակն այն է, որ դասագրքերի հեղիանկների համար նախապես մշակենք չափանիշներ»,- ասաց նա:
Ս. Մկրտչյանը հայտնեց, որ չափանիշների մշակմանը մասնակցում են թե’ դասախոսները, թե’ ուսուցիչները:
Նա նաև հայտնեց, որ մինչ օրս եղել են չափորոշիչներ, որոնցով գնահատվել են դասագրքերը, և Կրթության ու գիտության նախարարությունն ունի մշակած չափորոշիչներ, որոնք օգտագործվում են դասագրքերի մրցույթների ժամանակ, իսկ իրենք փորձում են մշակել չափորոշիչներ, որոնց հիման վրա պետք է ստեղծել դասագրքերը:
Ս. Մկրտչյանը նշեց, որ դասագրքերի ստեղծման չափորոշիչները պետք է մշակեն հրատարակիչները, որից հետո նոր ներկայացնեն մրցույթների:
«Չափորոշիչները մենք դասակարգում ենք` ըստ երեք խմբի` բովանդակային, դիզայներական, սանիտարահիգենիկ չափորոշիչներ»,- հավելեց նա:
Նրա խոսքերով, այդ չափորոշիչները մշակվում են բոլոր դասարանների դասագրքերի համար: «Իսկ դրանք մշակելուց հետո արդեն յուրաքանչյուր առարկայի համար կմասնավորեցվի»,- հավելեց նա:
«Տաթև» գիտակրթական համալիրի տնօրենն այսօր դասագրքերի վիճակը գնահատեց բավարար: «Այսօր դասագրքերի մեծամասնությունը շարադրված է ակադեմիական, գիտական ոճով: Որակի առումով վատ վիճակում են 5-6-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի, ինչպես նաև` 5-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքերը: Այս դասագրքերը պետք է առաջիկայում փոխարինվեն նոր, որակյալ դասագրքերով»,- ասաց նա: