Քննակենտրոնի մոտ կատարվածը մի քանի ծնողների կողմից հասարակական կարգի խախտում է. պարզաբանում է ԳԹԿ-ն
Նախօրեին Երևանի ճարտարագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում մաթեմատիկայի միասնական քննության ավարտին մի քանի ծնողների կազմակերպած իրարանցումը Գնահատման և թեստավորման կենտրոնում համարում են հասարակական կարգի խախտում:
Հիշեցնենք` նախօրեին մաթեմատիկայից միասնական քննություն հանձնող դիմորդների ծնողները հայտարարել են, որ քննակենտրոնի հսկիչները նախատեսված ժամանակից 15 րոպե շուտ թեստերը խլել են դիմորդների ձեռքից: Այնուհետև, ըստ որոշ տեղեկությունների, քննակենտրոնի ուղղությամբ դատարկ շշեր ու իրեր են նետել, ծեծկռտուք կազմակերպել:
«Յուրաքանչյուր քննասենյակում պատից կախված է ժամացույց և, ըստ այդ ժամացույցի, ֆիքսվում է քննության սկիզբը և ազդարարվում է քննության ավարտը: Քննական կարգի համաձայն, երբ ազդարարվում է քննության ավարտը, կազմակերպիչները հավաքում են քննական թեստերը և ձևաթղթերը, որպեսզի պատճենահանեն և փոխանցեն երեխաներին», -Panorama.am-ի խնդրանքով պարզաբանելով կատարվածը տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում երեկ քննությունը սկսվել է 9:40 րոպե և ավարտվել է 12:40 րոպե ըստ քննասենյակի ժամացույցի:
«Բոլոր երեխաները գտնվել են համահավասար պայմաններում` հնարավոր չէ որևէ մեկին ընդառաջել աշխատել, իսկ մյուսին` ոչ: Բոլորինն էլ հավաքվել է սահմանված ժամկետում», -ներկայացրեց Մանուկյանը:
Այդ օրը մաթեմատիկայի քննասենյակում քննություն է հանձնել 331 շրջանավարտ, իսկ ըստ ԳԹԿ մամուլի քարտուղարի, մեծ աղմուկ բարձրացրել են միայն մի քանի ծնողներ: «Եթե քննական կարգը խախտված լիներ, ինչպես պնդում են մի քանի ծնողներ, ապա այդ 300-ից ավել երեխաների ծնողներն էլ կըմբոստանային: Հավատացնում եմ` ոչ մի քննական կենտրոնի ղեկավար որևէ ցանկություն չունի իր սեփական վատ աշխատանքի համար խնդիրներ ունենալ», -հավելեց Մանուկյանը` լրատվամիջոցներին խնդրելով անաչառ լուսաբանել կատարվածը: