Քննությունների շուրջ արհեստածին լարվածությունն ո՞ւմն է ձեռնտու. Պարզելու մեթոդ է առաջարկում ԿԳ փոխնախարարը
Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հանդիպումն այսօր լրագրողների հետ անցավ բավականին թեժ մթնոլորտում, լեփ-լեցուն մամուլի ակումբում, տևեց ավելի քան մեկ ժամ, մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փոխնախարարն ասուլիսի սկզբում հայտարարեց, որ վերջերս իր համար բացահայտել է, որ սարերից (որտեղ մեծացել է ինքը) ու մաթեմատիկայից բացի շատ է սիրում նաև լրագրողների հետ հանդիպումը, ապա կոչ արեց ներկաներին ներքին ու արտաքին անկեղծություն ցուցաբերել, բարձրաձայնել մտահոգող բոլոր հարցեր. ինքը պատրաստ է դրանց անկեղծ պատասխանելու:
«Ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել, առաջարկում եմ ոչ մի կաշկանդվածություն չլինի, կարծում եմ, նման քննարկումներում ամենաարդյունավետը ներքին ու արտաքին անկեղծությունն է»,-ասաց նա` լրագրողներին ու իրենք քննադատողներին խորհուրդ տալով` հանել իրենց մեջից թույնն ու քամահրանքը:
Մ. Մկրտչյանի համոզմամբ, ընդունելության քննությունների շուրջ ստեղծված լարվածությունը, հատկապես հայոց լեզվի ու գրականության քննության շուրջ, արհեստածին է, որտեղ բոլորն ունեն իրենց մեղքը:
«Ի՞նչ իմաստ ունի երեխաներին նախապես գրգռել, հասարակությանը նախապես գրգռել, երբ երեխաները դեռ քննություն են հանձնում: Ցանկացած հարց հնարավոր է հանգիստ վերլուծել, լուծել երեխաների օգտին ու արդարության սկզբունքներով: Ուղղակի այն մարդիկ, ովքեր սիրում են ինտրիգներ, պետք է հասկանան, որ գործ ունեն երեխաների հետ»,-ասաց Մ. Մկրտչյանը:
Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ում է ձեռնտու ստեղծված իրավիճակն ու ի՞նչ նպատակի են ծառայեցնում այն ինտրիգներ սիրող մարդիկ: Հստակ անուններ տալու փոխարեն նա` որպես մեթոդաբան առաջարկեց պատասխան գտնելու ձևը:
«Հըլը տեսեք, ովքե՞ր իրենց շուրջը ստեղծեցին փիար առաջին օրվանից, տեսեք ի՞նչ ազգանուններ են, ովքե՞ր դրա կարիքը ունեին: Եթե այդքան շաաաա՜տ ընդդիմադիրներ կան, ինչո՞ւ են 2-3 հոգի միշտ գնում ինչ-որ հաղորդումների, ի՞նչ է, մենք ուրիշ քննադատողներ չունենք, բա ո՞նց է լինում, որ միշտ նրանք են գնում ու ասում են միշտ նույն բառերը: Ովքե՞ր բոլորովին նշանակություն չեն տալիս այն բանին, թե դրանով իրենք ինչ վարկանիշ ձեռք կբերեն, բայց լուրջ քննադատում են, այ եթե այդ երկու սկզբունքները համադրեք, ապա կտեսնենք, ում է ձեռնտու»,-ասաց Մ. Մկրտչյանը:
Փոխնախարարի խոսքով, նախորդ տարի քննությունների շուրջ լարվածությունն ավելի փոքր էր, բողոքների քանակն ավելի շատ էր, սակայն «բնույթն էր տարբեր»: «Մի՞թե Սեյրան Գրիգորյանը, Յուրա Ավետիսյանը, Գյուրջինյանը ասելիք չունեին, բայց հենց հաջորդ օրը չսկսեցին լարել ամբողջ ժողովրդին, հար-հարայ եկեք, թուրքերը հարձակվել են, հայ ժողովրդին կոտորում են, մարդիկ լուրջ վերաբերվեցին: Այդ շտապողականությունը հայոց լեզվի ու գրականության թեստերի շուրջ ստեղծեց անառողջ մթնոլորտ»,-ասաց Մ. Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան