Օտարալեզու դպրոցներ. «Լեզվի մասին» օրենքը լեզու կտա կառավարությանը
Մի քանի օրից Ազգային Ժողովը կշարունակի քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք, հիշեցնենք, հիմնականում վերաբերում են Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների հիմնմանը:
Հիշեցնենք նաև, որ հանրության բողոքն առ այս նախագծերն արտահայտվում էր բողոքավոր ցույցերի շարքով, որոնք հիմնականում կազմակերպվում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման ակտիվիստների կողմից:
Ի դեպ, ըստ ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ինքը շարժման ակտիվիստների հետ բազմաթիվ անգամ հանդիպել է, քննարկվել է նրանց մտահոգությունները:
Նա նշեց, որ դրանց մի մասն էլ անպայման տեղ կգտնի նախագծերում. «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն, որը տեղավորվում է նպատակի իրականացման շրջանակում» ,- նշեց նա և ավելացրեց, որ գոնե փորձարարական մակարդակով այդ այլընտրանքային ծրագրերը պետք է կարողանանք ի վիճակի լինել իրականացնել:
Նշենք, որ որևէ այլ կարգավիճակ, քան դրանց որոշումների մենաշնորհը կառավարությանը «տալն» է, օրենքը չի ամրագրում.
«Այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ) միջազգային ծրագրեր իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող է գործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` հայոց լեզու եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան»:
Այնպես որ` իմանալ հստակ, թե ինչ քանակ, կարգավիճակ ու այլ է սպասում այս դպրոցներին, չնայած հավաստիացումներին, առայժմ հնարավոր չէ։
Պարոն Դավթյանից փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են համապատասխանում վերջերս մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե նմանատիպ դպրոցներում ուսումը բավականին թանկ հաճույք է լինելու` տարեկան մոտ 22 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Ըստ պատգամավորի, դեռևս վաղ է խոսել թվային լեզվով, սակայն, փաստորեն, այդքան էլ մատչելի չի լինելու դպրոցներում ուսումը: Այդ իսկ պատճառով նա հանդես է եկել առաջարկությամբ, որ այդ դպրոցներում պարտադիր կերպով տեղեր հատկացվեն տաղանդաշատ երեխաներին` սոցիալական փաթեթի շրջանակում:
«Բայց դե դրան էլ պետք է հասնել` միայն օրենք ընդունելով. չէ՞ որ այն պետք է նաև կիրառել: Իսկ կիրառման համար բավականին ժամանակ է պետք` միայն դպրոցների լիցենզավորման գործընթացը ժամանակատար է, չհաշված մնացածը: Այնպես որ եթե օրենքն ընդունվի, մոտ երկու տարի ժամանակ կունենանք ծանոթանալու բոլոր նրբերանգներին»,-ասում է հանձնաժողովի նախագահը։
Նշենք նաև, որ առաջին ընթերցումից հետո թեմային նվիրված խորհրդարանական լսումներն են հրավիրվելու ` մինչև հարցի երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, սակայն սա արդեն տեղի կունենա ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում: