Հայաստանի փոքրիկ դեսպանները Եվրոպայում
Արդեն երկրորդ տարին անընդմեջ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որի արդյունքներն այսօր ամփոփվել են նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը:
Ասուլիսին ներկա են եղել նաև մրցույթի երկու հաղթողները` Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը և Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը:
Ն. Հովհաննիսյանը, շնորհավորելով մրցույթի հաղթողներին, նշել է, որ նախարարի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ ողջ տարվա ընթացքում նախարարությունում կազմակերպված բազմաթիվ նման միջոցառումների շրջանակում խրախուսվել են տարվա լավագույն և շնորհալի դպրոցականները, և այսօր «Կենգուրու» մրցույթի հաղթողների խրախուսումը ևս բացառություն չէ:
Հանրակրթության վարչության պետն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ վերջին շրջանում ավելացել է շնորհաշատ երեխաների թիվը նաև մարզերի հեռավոր գյուղերում:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` արդեն մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ, և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Դ. Սահականը տեղեկացրել է, որ անցալ տարվա 30 հազար մասնակցի փոխարեն այս տարի մրցույթին մասնակցել է շուրջ 40 հազար դպրոցական: Բացի այդ, մեծ ակտիվություն են ցուցաբերել նաև դպրոցները. մրցույթին մասնակցել է հանրապետության 902 դպրոց, որն, ըստ Դ. Սահակյանի, բավականին ոգևորիչ ցուցանիշ է, և պատահական չէ, որ տարեցտարի «Կենգուրուն» ավելի է սիրվում երեխաների կողմից` դառնալով «իսկական մաթեմատիկական տոն և վերածվելով նոր մանկական կրթական շարժման»: Ծրագրի ղեկավար Շ. Կարապետյանը տեղեկացրել է, որ հաղթողներն իրենց ամառային արձակուրդները կանցկացնեն Բուլղարիայում կազմակերպվող միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին` հանդիսանալով «Հայաստանի փոքրիկ դեսպանները Եվրոպայում»: Բանախոսները հայտնել են նաև, որ այս տարի մրցույթն անցկացվել է նաև Արցախում, որին մասնակցել է Ստեփանակերտում գործող 13 դպրոցի շուրջ 120 աշակերտ, որի արդյունքում գրանցվել են բավականին հաջող արդյունքներ: